Նորություններ

«Ոչ ոք չի մտածում տեխնոպարկերի կամ բիզնես-ինկուբատորների ստեղծման մասին». Գագիկ Մակարյան

«Համայնքների հավասարաչափ զարգացման մասին խոսելիս ամենևին պետք չէ ենթադրել, որ ուժեղ համայնքները պետք է թուլացնել, որպեսզի մոտեցնենք թույլերին: Ընդհակառակը՝ ուժեղ համայնքների զարգացումը պետք է շարունակվի, պետք է պարզել, թե դա ինչով է պայմանավորված (բնական ռեսուրսներ, աշխատուժի առկայություն, ՓՄՁ-ների զարգացման բարձր տեմպեր, համայնքի լավ ղեկավար), և փորձել այդ մոդելները տարածել թույլ համայնքների վրա»,- նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հուլիսի 30-ին ԱԺ-ում ՀՀ Ազգային ժողովի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ անցկացված «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ: Դրան մասնակցեցին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ:

Գագիկ Մակարյանը նշեց, որ բիզնեսին՝ ՏԻՄ-երի միջոցով աջակցությունը շատ կարևոր է:

«Ոչ Երևանում, ոչ մյուս համայնքներում ոչ ոք չի մտածում տեխնոպարկերի կամ բիզնես-ինկուբատորների ստեղծման մասին: Թվում է, թե բոլորը պիտի անի անպայման կառավարությունը: Չէ՞ որ տեղական համայնքները ևս կարող են իրենց ռեսուրսները օգտագործելով (լքված շենքեր, տարածքներ ու հողեր) եռատոմ մոդելներով՝ գործատուներ, վարկատու կազմակերպությունները և ՏԻՄ-եր, կարող են ստեղծել տեխնոպարկեր կամ բիզնես-ինկուբատորներ»:

Գագիկ Մակարյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՓՄՁ-ների զարգացումը հատկապես մարզերում 80 տոկոսի դեպքում տեղի է ունենում ինքնաֆինանսավորման ճանապարհով: Այդ իսկ պատճառով ՏԻՄ-երի կողմից էժան գներով հավաքական վարձակալության մեթոդներով տարածքների տրամադրումը կխթանի փոքր բիզնեսը:

Back to top button