ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Զինծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրի մասնակից նորակոչիկները. նրանց տրամադրությունները, սպասումներն ու ծրագիրն ընտրելու պատճառները

Այսօր ՊՆ ԶՈՒ Կենտրոնական հավաքակայանից ծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրով զորակոչված երիտասարդները: Սա նույն ծրագրով երկրորդ խումբն է, որ զորակոչվել է բանակ: Հիշեցնենք, որ այս ծրագրով բանակ զորակոչվող երիտասարդները 2 տարվա փոխարեն ծառայելու են 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ՝ արձակուրդում, մեկ շաբաթ՝ զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ՝ առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով՝ նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը՝ զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար՝ արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում:

Զինծառայողներն այսօր պատմել են, որ իրենց համար ծրագրի ամենաշահագրգիռ կողմն այն է, որ հաճախակի տուն այցելելու հնարավորություն կունենան, մյուս կողմից, չեն թաքցնում, որ գումարային փոխհատուցումն էլ իրենց համար հնարավորություն կլինի հետագայում կյանքը նոր ձևով դասավորելու հարցում:

Նրանց հետ այսօր կնքվել են պայմանագրեր, որոնցով նրանք վերջնականապես տվել են իրենց համաձայնությունը ծրագրի պայմաններին:

Ավելին
Back to top button