«Հանրապետականն էլ ՀՀՇ-ի փեշի տակից է դուրս եկել»

ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն կմնա իշխանության, քանի դեռ Հայաստանին վտանգ է սպառնում, նշեց, որ դա բավական հնացած ձևակերպում է. «Դրանք հնամաշ ձևակերպումներ են, իրենց իշխանությունը պահելու համար, այսպես ասած, տարբեր պատճառներ են բերում, որոնք ավելորդ է անգամ մեկնաբանելը»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Գալուստ Սահակյանի հաջորդ հայտարարությանը, որում ասվում էր, որ ԲՀԿ-ն չպետք է մոռանա, որ դուրս է եկել Հանրապետականի փեշի տակից ու չպիտի քննադատի, Բոզոյանը նշեց, որ դրանք անլուրջ հայտարարություններ են և Հանրապետականն էլ իր հերթին դուրս է եկել ՀՀՇ-ի փեշի տակից ու ՀՀՇ-ի հետ է եղել կոալիցիայի մեջ. «Հանրապետական կուսակցությունն էլ ժամանակին ՀՀՇ-ի փեշի տակից է դուրս եկել, նույն Հանրապետականը կոալիցիայի մեջ էր ՀՀՇ-ի հետ, բայց ես չեմ ասելու՝ Հանրապետականը պետք է զերծ մնա ՀՀՇ-ին քննադատելուց, դա անլուրջ է, դրանք ավելի շուտ ավտորիտար իշխանության բնորոշ ձևակերպումներ են, որտեղ հստակ երևում է, թե ինչ աստիճանի է իշխանությունը հեռացել քաղաքական մտածողությունից»,- եզրափակեց քաղաքագետը:
Աղասի Մարգարյան