Նորություններ

«Պուտինի և Սերժ Ազատովիչի միջև անձնական համակրանք չկար, կար լուրջ դժգոհություն». Կարինե Գևորգյան

Հայաստանի ղեկավարության գլխավոր խնդիրը երկրի սուվերենությունը միջազգային հարթակում հնարավորինս բարձրացնելն է, քանի որ հենվել հնարավոր է միայն այն բանի վրա, ինչը դիմադրություն է ցուցաբերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ որքան բարձր լինի Հայաստանի սուվերենությունը, այնքան խորը կլինեն ցանկացած հարաբերություն, ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-եվրոպական:

Նա փաստեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը վարչապետի պաշտոնում ՌԴ նախագահ Պուտինի հետ էր: «Պետք չէ նրա հայտարարությունները որևէ այլ կերպ մեկնաբանել, քանի որ նա բավական անկեղծ է, և այդ հայտարարությունները համապատասխանում են նրա ձգտումներին: Ես ոչ մի դեպքում չեմ մտածում, որ նա ստում էր, երբ հայտարարում էր, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա գրագետ է, սակայն այլ հարց է, որ երկրների միջև կարող են լինել հակասություններ, փոխադարձ պահանջներ, անգամ մրցակցություն, սա նույնպես նորմալ է»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ համաձայն չէ այդ պնդման հետ. Սերժ Սարգսյանը ռուսամետ քաղաքականության կրողն էր: «Չեմ կարծում, որ Պուտինի շրջապատը և անձամբ Պուտինը գոհ էին Սերժ Ազատովիչի վարած քաղաքականությունից: Կային նշաններ, որ ցույց էին տալիս, որ անձնական համակրանք այդ մարդկանց միջև չկար»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով ԵԱՏՄ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացման առաջին խոսքը պետք է տրվեր Սերժ Սարգսյանին, մինչդեռ նա գուցե հոգնածության պատճառով քնել էր: «Նիստը վարող Լուկաշենկոն իրեն թույլ տվեց ցենզուրայից դուրս արտահայտություններ, ոչ ոք, այդ թվում ռուսական կողմը, նրան չսաստեց: Այսինքն՝ առկա էր լուրջ դժգոհություն»,- ասաց Կ. Գևորգյանն՝ ընդգծելով, որ նախորդ իշխանությունների փորձը՝ իրենց միայն պրոռուսական ներկայացնելը, բացարձակ հիմք չունի: «Սերժ Ազատովիչը վարում էր քաղաքականություն, որը բացարձակ ռուսամետ չէր»:

Անդրադառնալով 102-րդ ռազմաբազային՝ նա նշեց, որ չի կիսում որոշ ռուսաստանցի փորձագետների կարծիքը, թե Ռուսաստանին 102-րդ ռազմաբազան հարկավոր չէ: Կ. Գևորգյանը կարծում է, որ ընդհակառակը, դրա տեղակայումն այստեղ շատ կարևոր է, քանի որ Սիրիայում գործողություններից հետո ձևավորվել է ՌԴ աշխարհաքաղաքական ազդեցության եռանկյունի՝ Ղրիմ, Սիրիա, Հայաստան, և դրանցից որևիցե մեկի դուրս գալու դեպքում այդ եռանկյունին կքանդվի:

Անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցածին՝ բանախոսը համամիտ է քաղաքագետ Ալ. Իսկանդարյանի հետ, ով այս դեպքերը որակել էր որպես մեդիապղպջակ: «Եթե Ռուսաստանը դիտարկեր ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները որպես սպառնալիք, ապա ավելի խիստ միջոցներ կձեռնարկեր: Իրականում փետք է հասկանալ, թե ովքեր են այդ անփութության հեղինակները»,- ասաց նա:

Back to top button