Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին: Անդրադառնալով զբաղվածության խնդրին, նա նշել է, որ ծանոթ, մեջք ունենալու կամ կաշառքի գործոնը դեռեւս առկա է աշխատանքի տեղավորման դեպքում, եւ այդ հարցում դեռեւս հեղափոխություն տեղի չի ունեցել:
«Մենք նպատակ ունենք կադրային բանկ ստեղծել, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից ցանկացած հայազգի անձ կարող է հայտ ներկայացնել, եւ ֆիլտրելով տեղեկատվությունը, կառավարությանը կներկայացնեն լավագույններին, ովքեր պետական կառավարման համակարգում կարող են անցնել աշխատանքի»,-հայտնել է Փաշինյանը:
Հարց-առաջարկ է հնչել ջրամատակարար ընկերության թերությունների վրա ուշադրություն դարձնելու եւ հարցով զբաղվելու վերաբերյալ: Նա հայտնել է, որ հանդիպում է ունեցել «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարի հետ, ներկայացրել մտահոգությունները եւ հույս հայտնել, որ թերությունները կվերացվեն: Փաշինյանը նշել է, որ այդ համակարգում էական փոփոխություններ արվել են, բայց ընթացիկ վիճակը մտահոգությունների տեղիք է տալիս:
Տրանսպորտի վիճակի վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ նշելով. «Հուսահատության ԳԱԶԵԼ-ները շարունակում են գործել, եւ դա պետք է լինի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Ընթացքի մեջ է միասնական երթուղային ցանցի ստեղծման գործը: Կան բնակավայրեր, որտեղ կենտրոնին միացնող տրանսպորտ չկա: Մենք բոլոր այդ խնդիրները լուծելու համար պետք է ավելացնենք մեր պետական բյուջեի միջոցները: Դա կարելի է անել կոռուպցիայի դեմ պայքարի եւ ստվերի վերացման շնորհիվ: Դրա համար ժամանակ է պետք»:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ նրա հրաժարականի պահանջին վերաբերող հարցին անդրադառնալով, Փաշինյանը նշել է, որ տհաճ երեւույթներ են եղել, որոնք այնքան էլ հասկանալի չեն: «Դա իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է միջամտի: Վեհափառին ի պաշտպանություն հանդես եկող մի քանի հոգեւորականների որոշ հայտարարություն լսելիս, ես ապշում եմ, որ դա ուղղակի անում են կրակի վրա յուղ լցնելու համար: Տեղի ունեցողի բովանդակությունը թույլ է տալիս ինձ ենթադրելու, որ դա դեռեւս չի դարձել հանրային հարց, որ դիրքորոշում հայտնելու անհրաժեշտություն առաջանա: Բայց կառավարությունն օրինականությանը կհետեւի»,-ասել է Փաշինյանը: Նա կոչ է արել հոգեւոր դասին՝ հավաքվել եւ քննարկել իրենց ներեկեղեցական խնդիրները:
Փաշինյանը նշել է, որ իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ: «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի, բայց դա պետք է տեղի ունենա օրինականության եւ իրավունքների պահպանման շրջանակում: Եթե իրավապահ համակարգում թերանան իրենց գործողություններում, ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ: Ես կոչ եմ անում լրջանալ, ես պահանջում եմ էֆեկտիվ աշխատանք կոռուպցիայի դեմ եւ օրինականության համար պայքարի համատեքստում»,-ասել է վարչապետը:
«Մենք գործում ենք քաղաքացիների դիմումների, օպերատիվ տեղեկությունների եւ առկա գործերի շրջանակում: Որեւէ ահազանգ անարձագանք չի մնա»,-վստահեցրել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է: «Մենք տեսնում ենք ագրեսիվ հայտարարություններ Ադրբեջանի կողմից, շփման գծի երկայնքով ունենք զորքերի կուտակումներ, Նախիջեւանի ուղղությամբ ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից: Մենք պետք է զգոն լինենք, մեր շահերը պաշտպանենք: Հայ ժողովուրդն այսօր համախմբված է ավելի, քան երբեւէ: Բոլոր ռեսուրսները կներդրվեն ՀՀ եւ Արցախի պաշտպանության եւ մեր անվտանգության ապահովման համար: Այս հարցը չպետք է ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել: Մենք ոչինչ չենք խնայի մեր երկիրը պաշտպանելու համար»,-ասել է Փաշինյանը: