«Վաչագան Ղազարյանի կամ Մանվել Գրիգորյանի միսը չեն ուտելու, էս ժողովուրդը ուտել է ուզում». Կ. Քոչարյան

Հեղափոխությունը դեռ հեղափոխություն չէ, քանի դեռ հեղափոխություն չի եղել մեր ուղեղներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Մարդկանց մենթալիտետում ոչինչ չի փոխվել: Հիմնականում մարդիկ մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի, անարդարության մեջ ոչ թե նրա համար, որ նրանք կոռուպցիոներ են և անարդար, այլ որովհետև իրենք չեն դա անում, որ նրանց տեղը իրենք չեն նստած: Հասարակությունը պիտի հասկանա, որ չի կարելի ուտել, ոչ թե՝ չի կարելի մենակ ուտել»:
Այս առումով, ըստ Կ. Քոչարյանի, քաղաքական իմաստով այն, ինչ տեղի ունեցավ, հեղափոխություն էր, իսկ հասարակական իմաստով հեղափոխություն տեղի չի ունեցել:
Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, թե այդ դեպքում ապագա խորհրդարանի ուժերի հնարավոր բաշխվածությունն ինչպիսին կարող է լինել, Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ կլինի այդ ընտրությունը: «Եթե այսօր լինի ընտրությունը, ապա Փաշինյանը 75-80 տոկոս կհավաքի: Նրա ռեյտինգը շատ բարձր է: Բայց դժվար է ասել, թե ինչ կլինի, ասենք, հոկտեմբերին, դեկտեմբերին կամ ապրիլին: Վաչագան Ղազարյանի կամ Մանվել Գրիգորյանի միսը չեն ուտելու, էս ժողովուրդը ուտել է ուզում: Այսօրվա կառավարության տնտեսական բլոկն առայժմ չի երևում: Վիճակի մեղավորը միայն այսօրվա կառավարությունը չէ, բայց այսօր կառավարությունը զբաղված է միայն հակակոռուպցիոն և նախընտրական պրոցեսներով, ինչը չի խանգարում, որ զուգահեռ տարվի նաև տնտեսական բլոկի աշխատանքը»,- ասաց նա: