Նորություններ

«Ինձ համար շատ նվաստացուցիչ կլիներ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ հայտնվեին»

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել: ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ինչպես նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը: Ներկայացնում ենք այն թարգմանաբար:

ԵՎՐԱՆՅՈՒԶ — Ի՞նչ մտադրություններ ունի ՀՀ կառավարությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ — Դուք գիտեք, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից է: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի 2 առաքելություններում՝ Կոսովոյում և Աֆղանստանում: Դա մեզ հնարավորություն է տալիս մասնակցություն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ ենք և մենք Հայաստանն ամբողջությամբ տեսնում ենք այդ կազմակերպությունում և անվտանգության այդ համակարգում:

ԵՎՐԱՆՅՈՒԶ — Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանի հավատարիմ դաշնակի՞ցը, թե՞ մերձենում եք ՆԱՏՕ-ի հետ և հեռանում Ռուսաստանից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ — Մենք շարունակում ենք մնալ Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը: Մենք հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Մենք մտադիր չենք արտաքին քաղաքականության մեջ շրջադարձ կատարել:

ԵՎՐԱՆՅՈՒԶ — ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ — Այդ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ցավոք, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը սաստկացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի հանդեպ: Մենք հիմա տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, որովհետև այդ ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ: Հիմա Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ իր ժողովուրդը, ոգեշնչվելով հայաստանյան գործընթացներից, Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ կսկսի անել: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն Ադրբեջանին հզոր ազդակ հղեր առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի գործադրմամբ լուծելու ցանկացած փորձ կարժանանա միջազգային հանրության ուժեղ արձագանքին:

ԵՎՐԱՆՅՈՒԶ — Ես հայերից լսել եմ Հայաստանում կոռուպցիոն գործերի մասին, մենք դրանք դրսից ենք տեսնում: Ի՞նչ կլինի, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները հայտնվեն բանտում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ — Մենք շատ ենք կարևորում կոռուպցիայի դեմ պայքարը: Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ դա արվի բացառապես օրենքի շրջանակում և մարդու իրավունքները պաշտպանելով: Ես Հայաստանում քաղբանտարկյալ եմ եղել, և ինձ համար շատ նվաստացուցիչ կլիներ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ հայտնվեին:

ԵՎՐԱՆՅՈՒԶ — Հետագայում Դուք ինչպե՞ս եք անցկացնելու բարեփոխումները:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ — Մեզ հաջողվել է մեծ տնտեսական փոփոխություններ իրագործել: Մենք հավասար պայմաններ ենք ստեղծել տնտեսական խաղացողների համար: Մենք հույս ունենք հայաստանյան տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել դրսի ներդրողների համար: Մենք ամրապնդելու ենք ժողովրդավարությունն արտասահմանյան գործընկերների հետ կամ առանց նրանց:

ԵՎՐԱՆՅՈՒԶ — Շնորհակալություն հարցազրույցի համար:

Back to top button