Նորություններ

«Համաներումը կբարելավի մեր քաղաքացիների սոցիալական վիճակը». Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովը hուլիսի 11-ի արտահերթ նիստում քննարկեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը: Դրանով նախատեսվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է, իսկ տուգանքներից կազատվի մոտ 150 հազար անձ:

«Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տուգանքները վճարելու պարտավորությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել, և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում կա մեղադրական դատական ակտ, կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով: Համաներումը կասեցվում է մինչև վարույթի ավարտը»,- հայտարարեց արդարադատության նախարարը:

Արդարադատության նախարարը ներկայացրեց այն իրավախախտումները, որոնք համաներման մեջ ներառված չեն: Դրանք են՝ առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր և կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ կողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կա՛նգ առ» հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթևեկելը»:

Նախարարը նկատեց, որ այս տուգանքների պատճառով մարդիկ չեն կարողանում նաև վարկեր ստանալ, հետևաբար այս համաներումը կբարելավի մեր քաղաքացիների սոցիալական վիճակը:

Ավելին
Back to top button