Նորություններ

ՀՔԱՎ: Ս. Սիմոնյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարկվի հուլիսի 26-ին

2018 թ. հուլիսի 4-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը շարունակեց և ավարտեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Ս. Սիմոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը բողոքարկել էին ՀՀ Վարչական դատարանի 2017 թ. ապրիլի 6-ի որոշումը, որով դատարանը ՀՀ Ոստիկանության պահանջով Ս.Սիմոնյանին տուգանել էր 30.000 ՀՀ դրամով, իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը մասնակի էր բավարարել: Դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները և մերժել ՀՀ Ոստիկանության՝ ձերբակալելու, ձերբակալման ժամանակ չներկայանալու, վիրավորելու և առանց Ս․ Սիմոնյանի համաձայնության նրան տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջները:

Հիշեցնենք՝ Սուսաննա Սիմոնյանը Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Ոստիկանները նրան հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին էին տեղափոխել, ապա պահանջել պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու (ոստիկանի վրա թքելու) համար: Հուլիսի 4-ին կայացած դատական նիստի ընթացքում Ս. Սիմոնյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցի նոր ապացույցներ ներկայացրեց՝ նրան ձերբակալելու և տեսանկարահանելու գործողությունների մասով, քանի որ վարչական դատարանն իր որոշմամբ փաստել էր, որ դրանք նախ ենթակա են քրեաիրավական գնահատականի և միայն հանցակազմի բացակայության պայմաններում կարող են ստուգվել վարչադատական կարգով: Տ․ Սիրադեղյանը ներկայացրեց դատական ակտի կայացումի հետո ներկայացված հանցագործության մասին հաղորդման և դրա քննարկման վերաբերյալ համապատասխան ապացույցները, որի արդյունքում այն չէր դիտարկվել որպես պատշաճ հաղորդում, իսկ դատարանները մերժել էին ներկայացված բողոքները։

Չնայած ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ռ․ Եպիսկոպոսյանի առարկությանը՝ դատարանը ապացույցները կցեց գործին՝ վերջնական դատական ակտով դրանց գնահատական տալու համար: Այնուհետև Դատարանը ներկայացրեց բողոքի հիմքերն ու հիմնավորումները, որով պատասխանողը կարծիք էր հայտնել, որ վարչական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ, ՄԻԵԿ 6-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 124-րդ, 126-րդ հոդվածների դրույթները, քանի որ թքելը վիրակավորանք չէ. այն ոչ հրապարակային արտահայտություն է, ոչ էլ՝ վիրավորական արտահայտություն է  պարունակում: Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, հիմնավորումներ էին ներկայացվել առ այն, որ դատարանը պարտավոր էր ըստ էության քննել նաև հակընդդեմ հայցվորի՝ ձերբակալման և առանց իր համաձայնության իրեն տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջները և պատշաճ գնահատականի արժանացներ գործում առկա ապացույցները:

Նշենք, որ ՀՀ Ոստիկանությունը վերաքննիչ բողոքի պատասխանում պնդել էր, որ թքելը վիրավորանք է, և խնդրել էր բողոքը մերժել: Հակընդդեմ հայցվորին հարցեր ուղղելուց հետո դատարանը բողոքի քննությունը ավարտեց ու որոշման հրապարակման օր նշանակեց 2018 թ. հուլիսի 26-ը: Այն կհրապարկվի ժամը 16։06-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Back to top button