Գերակա խնդիրներ ենք դարձրել Անջելինա Ջոլիի կրծքերը

«Աբովյանում եկեղեցու օծման արարողությունից հետո մատուցված հյուրասիրությունից՝ ներկաների օգտվելու ոչ քաղաքակիրթ ձևը կարելի է ընդհանրացնել և որակել որպես ազգի «голодомор»: Մենք գիտենք, որ մեր ժողովրդի հոգեբանության մեջ նստած է «շնից մազ պոկելը քյար է» հասկացողությունը, և այն միշտ էլ դրսևորվում է նման անվճար կազմակերպված խրախճանքների ժամանակ»,-այս կարծիքին է գյումրեցի հրապարակախոս Մամիկոն Համբարյանը: Նա կարծիք հայտնեց, որ պարզապես այդ օրը հյուրասիրությունը քիչ էր նախատեսված, քան հրավիրված էին հյուրերը, որպես օրինակ` հիշեց նաեւ Գյումրիում անցած տարիներին կազմակերպված մատաղի արարողությունները, որոնց ժամանակ նման միջադեպեր երբեք չեն գրանցվել:
«Որակեմ եղածը որպես միջադեպ, ցավալին այն է, որ այդ միջադեպից անվարան օգտվեցին մեր լրատվական կայքերից շատերը, որոնք այս կամ այն քաղաքական ուժին են պատկանում և փորձեցին` առանց ծանր ու թեթև անելու ազգին հասցվող վիրավորանքի կամ միջազգային հանրության աչքերում նրան նվաստ ներկայացնելու իրականությունը` համացանցում տարածեցին տեսանյութեր: Բնականաբար, դրանից անհապաղ օգտվեցին ազերական լրատվամիջոցները, որպեսզի նախ` ծածկեն իրենց ժողովրդի իրական չքավորությունը, իսկ երկրորդ` ցույց տան, որ Հայաստանի ժողովուրդն ավելի ծանր վիճակում է
գտնվում, քան Ադրբեջանի ժողովուրդը: Բայց, անկեղծ ասած, երկու պետություններում էլ ժողովուրդը կրակն է ընկել նույն տիպի քրեաօլիգարխիկ իշխանությունների ձեռքը, և երկուսն էլ նույն կարգի ստրկացվում են: Սակայն ինձ զարմացրեց այն, որ 1 news. azer կայքում Ակպեր Հասանովը հարգանքով և սրտացավությամբ էր ներկայացնում հայկական լրատվական կայքերից մեկի հրապարակած վերոհիշյալ միջադեպի տեսանյութը: Մի՞գուցե դա բխում էր երկու ժողովուրդների՝ նույն իրավիճակում գտնվելու նկատմամբ լրագրողի սրտացավությունից և կարեկցանքի՞ց…»:
Հրապարակախոսի գնահատմամբ՝ ամեն դեպքում` եղածը ցավալի երեւույթ է եւ արժանի է ավելի լուրջ վերլուծության: Իշխանություններն ու ՀՀ քաղաքացիները պարտավոր են ավելի լուրջ վերաբերվել այս խնդրին եւ հիշել, որ սոցիալական լուրջ խնդիր գոյություն ունի, եւ որը ժողովրդին հասցրել է բարոյական անկման եւ արժանապատվության կորստի: Փոխարենը այսօր Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն ու գերակա խնդիրներ են դարձել Անջելինա Ջոլիի կրծքերը: «Իսկապես, մեր ժողովուրդն այսօր ավելի հետաքրքրված է Անջելինա Ջոլիի կրծքերով (ինչպես պրն. Մութաֆյանն է ասում /Մ.Հ), քան Հայաստանի մարզերում չքավորության մեջ գոյատևող ընտանիքների ճակատագրով: Թերևս տեսանյութի առումով` մեր համացանցում իսկապես ողբ բարձացավ և կարծում եմ, որ առաջին իսկ ռեակցիան հենց այդպիսին էլ լինելու էր, իսկ հետո օգտատերերը սկսեցին քարկոծել թե´ օլիգարխներին, թե´ իշխանություններին, թե´ իրենց ընդդիմադիր համարող ուժերին, թե´ մատաղի կազմակերպիչներին, թե´ լրագրողներին, թե´ սեղանին «չտեսավարի վրա տվողներին» (ասեմ, որ «չտես» բառը իմ անձնական գնահատականը չէ, այլ մեջբերում եմ կատարում համացանցային քննադատողների մեկնաբանությունները): Գազի սակագնի և այնուհետև լույսի թանկացման լուրը եկավ հաստատելու այն փաստը, որ ժողովուրդն իսկապես գտնվում է խորտակվող նավակում, իսկ փրկարար օղակ դեռևս ոչ ոք չի առաջարկում:
Իշխանություն-ժողովուրդ անջրպետը, հետզհետե լայնանում է, և եթե այսպես շարունակվի, այդ օտարացումը անդարձելի կդառնա և, հետևաբար` կողմերից մեկի համար ճակատագրական: Եթե պատճառը մեկը լիներ, թերևս կարող էինք կենտրոնանալ այդ մեկ խնդրի վրա և փորձել լուծել այն ի օգուտ հանրային շահի, սակայն այսօր Հայաստանում չլուծված բազմաթիվ խնդիրների շարանը մեզ կանգնեցրել է անելանելի մի փակուղու առջև: Մի կողմից իշխանություններն են արհամարհում ժողովրդին և անուշադրության մատնում նրանց խնդիրները՝ չկամենալով կամ անկարող լինելով լուծել դրանք, մյուս կողմից ժողովրդի պասիվությունն է, որը թերևս բխում է հուսահատությունից, հիասթափությունից, արտագաղթելու ցանկությունից, սոցիալական և հանապազօրյա խնդիրների վրա կենտրոնանալուց և վերջապես` ընդվզելու ցանկությունից:
Ինչևէ, «թագավորը մերկ է» և այս մասին թմբկահարելուց բացի, այսօրվա մեր քաղաքական ուժերը ոչ մի
այլընտրանք չեն առաջարկում ժողովրդին, չեն ցանկանում գլխավորել, կոորդինացնել կամ սիստեմավորել համընդհանուր բողոքի այս պոռթկումները: Ոչ ոք չի ցանկանում այդ մերկությունը ծածկել, այլ գերադասում են զվարճանալ այդ մերկությամբ՝ թերևս վախենալով հայտնվել նույն այդ կարգավիճակում: Մեզ մնում է սպասել, թեև սպասելը կարող է լինել կոնստրուկտիվ և միևնույն ժամանակ` կործանարար:
Մեզ՝ բոլորիս, մաղթում եմ համբերություն»:
Քրիստինա Մկրտչյան