Նորություններ

ՊԵԿ փոխնախագահը՝ իր հարցաքննության եւ գործում Ս. Սարգսյանի ու մյուսների ներգրավվածության մասին

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 25-ին հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված 11 սուպերմարկետներին ԱՁ-երի միջոցով գործելու թույլտվություն տրամադրելու գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մաշադյանը: Նա հավաստիացրել է, որ եթե նոր ծանուցում ստանա, կրկին կներկայանա և կտա գործին վերաբերող իր ունեցած տեղեկությունները։

Այն հարցին, թե արդյոք իր պատասխանները բավարարե՞լ են ԱԱԾ-ին, Ռ.Մաշադյանը նշել է, որ քանի որ գործը նախաքննության փուլում է, ինքը գնահատական տալ չի կարող:

ՊԵԿ փոխնախագահը պնդել է՝ ՊԵԿ-ը որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել, որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկների պայմանավորվածություն ձեռք չի բերել։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահը մանրամասներ չի հայտնել, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանն արդյոք ներգրավվա՞ծ են գործով՝ իր լռությունը հիմնավորելով նրանով, որ քանի որ նախաքննություն է իրականացվում, հարուցված քրեական գործով հարցերին չի պատասխանի նախաքննության գաղտնիությունը չխախտելու համար։

Back to top button