Սեւան-Երեւան մայրուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ լրատվամիջոցներից ինչու՞ են վերցվել սարքավորումները

Ինչպես արդեն հրապարակել էր galatv.am-ը` այսօր Սևան-Երևան մայրուղում կոտրել և օպերատորի ձեռքից խլել էին «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկը, ոլորել են lragir.am-ի թղթակից Սիրանույշ Պապյանի ձեռքերը, խլել են նաև նրա տեսախցիկը, ինչպես նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կրիչները վերցվել են: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել էին հիշյալ լրատվամիջոցների աշխատակիցները: Նկարահանող խմբերը փորձել էին ֆիքսել կադրեր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում, որ սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին հարազատները տեղափոխեն մայրաքաղաք՝ կառավարության շենքի դիմաց, որից հետո տեղի է ունեցել բախում ոստիկանության աշխատակիցների և սպանված զինծառայողի հարազատների միջև: Այդ ժամանակ խոչընդոտել են տեղում աշխատող մի շարք լրատվամիջոցների աշխատանքը, խլել տեսախցիկներ ու կրիչներ: Այս ամբողջ խառնաշփոթի մեջ «կորել» է նաև դեպքի վայրում նկարահանումներ իրականացնող ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսախցիկներից մեկի հենակը, որը ոստիկանության աշխատակցի հրահանգով ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը թողել է դրսում՝ ոստիկանության մեքենայի հարևանությամբ, իսկ նկարահանող խումբը տեսախցիկով ներս է մտել հավաքված բազմության մեջ և կադրեր է ֆիքսել տեղի ունեցող միջադեպից:
«Երբ հասանք դեպքի վայր, այնտեղ էին նկարահանող խմբերը, մեզ տեղեկացրին, որ արգելել են իրենց նկարահանումներ անել, դա հրաման է: Այդ ժամանակ իմացանք նաև, որ տեսախցիկներն ու կրիչները հավաքել են: Մի քանի րոպե հետո մեզ՝ հավաքված լրագրողներիս, մոտեցավ մի ոստիկան և ասաց, որ երկուական լրագրող և օպերատոր կարող են մուտք գործել ոստիկանական պատնեշից այն կողմ՝ բազմության մեջ, և նկարահանումներ կատարել: Բայց ոստիկանը մեզ արգելեց եռոտանին (շտատիվը) տանելու, մենք էլ այն թողեցինք ոստիկանության մեքենայի մոտ, որտեղ հավաքված էին նաև ռազմական ոստիկանության աշխատակիցները, կարմիր բերետավորներ: Այնտեղ մեքենաներ կային կանգնած: Մենք հետևեցինք ոստիկանի հորդորներին, քանի որ իրավիճակն արտակարգ էր, այդ իսկ պատճառով մեզ առաջարկվեց եռոտանին թողնել»,- պատմեց դեպքի վայրում աշխատած լրագրող Փայլակ Ֆահրադյանը: Նկարահանումներն ավարտելուց հետո ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը նկատել է, որ սարքն անհետացել է, և միևնույն ժամանակ անհետացել է նաև ոստիկանության այն մեքենան, որի կողքին թողել էին:
«Երբ որ նկարահանումն ավարտեցինք, այն մեքենան, որի մոտ թողել էինք, այդ մեքենան էլ չկար, մեզ լրագրողներն ասացին, որ իրենք տեսել են մեր շտատիվը այդ մեքենայի մեջ, ինչպես և մյուս տեխնիկաները»,- ասաց Փայլակ Ֆահրադյանը: Նշենք, որ լրատվամիջոցներից վերցված բոլոր սարքավորումները վերադարձվել են՝ բացառությամբ ԳԱԼԱ-ի: ՀՀ ոստիկանության մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանը և ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասացին, որ իրենք ներկայում չգիտեն և փորձում են ճշտել ԳԱԼԱ-ի սարքավորման գտնվելու վայրը՝ խոստանալով այն գտնել և վերադարձնել:
Քրիստինա Մկրտչյան