«Կախարդական փայտիկ կա, գործում է, եւ այն կիրականացնի հնարավորն ու անհնարը». Փաշինյան . ուղիղ

Լրացված 13:48
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացում ադեկվատության աստիճանը չեն կորցնելու: «Եթե Ադրբեջանը փոխզիջման կգնա, մենք պատրաստ ենք փոխզիջման, եթե պատրաստվում է պատերազմի, մենք եւս կպատրաստվենք պատերազմի, եթե հակամարտող կողմը ցույց տա, որ պատրաստվում է խաղաղության, մենք եւս պատրաստ կլինենք խաղաղության»,-նշեց վարչապետը:
Նապոլեոն Ազիզյանի հարցին՝ համաներում լինելու՞ է, թե՝ ոչ, Փաշինյանը պատասխանեց. «Համաներման պրոցեսներն ընդունված է իրականացնել գաղտնիության պայմաններում: Դրա համար այդ հարցին չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է քաղաքական համաներմանը, ապա դա քաղաքական նպատակահարմարության հարց է»:
«Կախարդական փայտիկ կա, եւ այդ կախարդական փայտիկը սկսել է գործել, եւ կիրականացնի հնարավորն ու անհնարը, ես համոզված եմ, որ մեր կառավարությունը բոլոր ուղղություններով կունենա լրջագույն արդյունքներ: Մեր «շեֆը» ժողովուրդն է եւ մենք մեր «շեֆին» անմնացորդ ծառայելու ենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Լրացված 12:37
«Ես ասել եմ, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Դրա համար, եթե անհրաժեշտ կլինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,- հայտարարեց վարչապետը:
Իր ակտիվությամբ աչքի ընկավ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ ի սկզբանե հայտարարելով, թե «լուրջ հարցերը գնաց»: Ապա մի քանի հարց հնչեցրեց:
«Մենք ուզում ենք կառուցել պետություն, որը իր բնույթով լինելու է առաջավոր աշխարհի երկիր, թե ռուսական, բելոռուսական տիպի երկիր»,-հարցրեց Զուրաբյանը:
Պատասխանելով՝ Փաշինյանը հայտարարեց.
« ՀՀ-ում արտաքին որեւէ ուժի դեմ եւ որեւէ ուժի հետ չենք պայքարել, այլ մեր երկրի ինքնության համար: Չեմ հասկացել եւ չեմ հասկանում այն մոտեցումը, որ դրսում ուղենիշներ փնտրենք՝ պոզիտիվ եւ նեգատիվ համարելով»:
Ապա Զուրաբյանը հարցրեց, թե չի կարծում Փաշինյանն արդյոք, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսելիս իր համար կարեւոր հենարան է ընտրել ԿԳԲ-ն: Ապա հատուկ ընդգծեց, որ այն ոչ թե ԱԱԾ է, այլ հենց ԿԳԲ եւ հարցրեց, թե չի կարծում, որ նախ պետք է համակարգը փոխել:
«Ես չեմ ասում, թե այդ ծառայությունը կատարյալ է եւ փոփոխությունների, բարեփոխումների կարիք չունի: Ես ասում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ը մեր հանրապետության ԱԱԾ-ն է, եւ ես դա կարող եմ երաշխավորել հետագա գործունեության ընթացքում էլ կերաշխավորեմ»:
Լրացված 11:04
Փաշինյանն անդրադարձավ ազատ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությանը՝ հիշելով այն ընտրական գործընթացները, որոնք անցկացվել են օրենքի խախտմամբ ու ֆինանսական վարչական ռեսուրսների չարաշահմամբ:
Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի իր կառավարության ծրագրին՝ հայտարարելով, որ նայելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ՝ խոստանում է, որ ինքը չի մտնելու կոռուպցիան գործարքի մեջ:
«Որեւէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու եւ նման մոտեցում եմ ակնկալում կառավարության յուրաքանչյուր պաշտոնյանից»: