«Այժմ էլ անկեղծ չեք, ինչո՞ւ եք խաբում»

Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետին` ասելով, որ ինքը` վարչապետը, ասում է, որ հեղափոխությունները չպետք է լինեն փողոցներում, սակայն Արմավիրի մարզի գյուղացիները այսօր փակել են ճանապարհները` կարկտահարության հարցին ուշադրություն հրավիրելու համար: Երևան-Սևան ճանապարհը փակեցին մի քանի օր առաջ, քանի որ թույլ չէին տալիս զինվորի դին բերել Երևան, կա Փակ շուկայի հարցը և այլն: «Ասում եք` հեղափոխությունները չպետք է լինեն փողոցում, բայց մարդիկ փողոց են դուրս գալիս ստիպված, քանի որ նրանց առջև փակ են բոլոր ճանապարհները: Նախորդ 5 տարիներին տեսանք, որ Դուք ոչ մի խնդրին չկարողացաք լուծում տալ, ձախողված տարիներ էին Ձեր կառավարության համար դրանք: Հիմա տեսնում եմ, որ Դուք էլի անկեղծ չեք: Ժողովուրդը Ձեր կառավարության մասին ասում է` խաբող, գցող: Այժմ էլ տեսնում եմ, որ անկեղծ չեք, ինչո՞ւ եք խաբում»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը` շեշտելով, որ չի ուզում վիրավորել վարչապետի անձը:
Վարչապետը պատասխանեց, որ կարկտահարության դեպքի առնչությամբ` պետությունը խոստացել է ոչ թե փոխհատուցել, այլ` օգնել: Շեշտեց, որ գյուղնախարարն ու փոխվարչապետը հանդիպել են գյուղացիների հետ և փորձելու են խնդրին լուծում տալ: Կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է այդ ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է քաղաքական պայքարի այն ձևին, որը Դուք օգտագործում եք` քաղաքացիներին հրահրելով բերել Կառավարության շենքի դեմ… Ես անձամբ այդ ժամանակ Կառավարության շենքի ներսում էի, հանձնաժողով կազմեցի, որպեսզի հանդիպեմ նրանց հետ: Դա տեղի չունեցավ, քանի որ ակցիայի հավաքվածներն իրականացրեցին քաղաքական ակցիա»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Փոստանջյանը հարցրեց նաև, թե հանրությունը տեղեկացավ, որ ԶՈւ որոշ պաշտոնյաներ ազատվել են պաշտոններից: «Ինչո՞ւ միջոցներ չեք գործադրում, որպեսզի խարդախ դատախազը պատասխան տա, քանի որ մեծ պատասխանատվություն է կրում նաև դատախազը: Մենք ամեն օր ստանում ենք դժբախտ դեպքերի մասին լուրեր»,- հարցրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
«Դուք ճիշտ եք, որ ամեն օր ստանում ենք լուրեր, քանի որ մենք աշխատում ենք թափանցիկ: Ինչ կատարվում է բանակում` դառնում է հասարակության սեփականությունը: Չեմ կիսում Ձեր գնահատականները մեր դատախազների մասին: Պետք է զգուշավոր լինել այդպիսի գնահատականներ հնչեցնելիս այս դահլիճում»,-արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Արմինե Վարդանյան