Նորություններ

Վարշավայում տեղի է ունեցել Լեհաստանի հայերի երրորդ համաժողովը

Վարշավայի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երրորդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի կողմից։

Համաժողովի աշխատանքները մեկնարկեցին Լեհաստանի և Հայաստանի պետական օրհներգներով, որից հետո հրապարակվեցին ԼՀ Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու և ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձները։ ԼՀ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկու անունից ելույթով հանդես է եկել ԼՀ Սեյմի պատգամավոր, Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակը։

Համաժողովի բացման արարողությանը ողջույնի ելույթներով հանդես եկան նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչ։ Դեսպան Ղազարյանը, մասնավորապես, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին Լեհաստանի հայ համայնքի մասնակցության, Հայոց Ցեղասպանության և Արցախյան հիմնախնդրի լուսաբանման և տարածման խնդիրներին: Միջոցառման շրջանակներում կայացան մի շարք թեմատիկ քննարկումներ:

Համաժողովի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի մի շարք գործիչներ պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության մեդալներով և պատվոգրերով:

Լեհաստանի հայերի երրորդ համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Չեխիայում լույս տեսնող հայկական հեղինակավոր «ՕՐԵՐ» ամսագրի Լեհաստանի հայ համայնքին նվիրված հատուկ թողարկման շնորհանդեսը։

Back to top button