Նորություններ

Ամերիկահայ խոշոր գործարար և ազգային բարերար Գարո Արմենի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Սա սովորական ընտրություն չէր: Սա ժողովրդական և ազգային հաղթանակի արդյունք էր: Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ունեցավ իրապես ժողովրդական առաջնորդ, և առաջին անգամ ստեղծվեց հնարավորություն՝ կերտելու իրապես ժողովրդավարական երկիր:

Իր նախընտրական խոսքում Փաշինյանը խոսեց սփյուռքի և ներդրումների մասին: Նրա ծրագրային այդ դրույթն անհրաժեշտ է կյանքի կոչել: Անցյալ տարիների ընթացքում ես տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ եմ բերել Հայաստան: Իրականացրել ենք ծավալուն ծրագրեր՝ նպաստել ենք երկրի ինֆրակառույցների նորոգմանը: Եվ այդ ամենն անելիս՝ ես երբևէ չեմ հետապնդել որևէ տնտեսական շահ, չեմ ներգրավվել որևէ գործարքում: Եղել են պահեր, երբ դժվարություն եմ ունեցել համոզելու պոտենցյալ նվիրատուներին՝ մեր ծրագրին մասնակցելու, որովհետև չի եղել վստահություն, չի եղել արդարություն Հայաստանում: Հիմա այդ արգելքն այլևս վերացած է: Որպես գործարար և որպես բարերար՝ վստահ եմ, որ մեր աշխատանքն այժմ առավել արդյունավետ և առավել լայնամասշտաբ է լինելու:

Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ կոչ անում իմ գործընկերներին՝ խոշոր գործարարներին, գալու Հայաստան և շենացնելու մեր բոլորի հայրենիքը: Իմ մասնակցությունն այդ գործին այսուհետ առավել ընդգրկուն և առավել խորքային է լինելու:

Կրկին շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, նախևառաջ մեր ողջ ժողովրդին ու նրա աննման երիտասարդությանը՝ պատմական հաղթանակի կապակցությամբ, հայտնում անվերապահ աջակցություն և մաղթում նոր Հայաստանի կառուցման գործում լիակատար և փայլուն նվաճումներ:

Գարո Արմեն

Նյու Յորք

Back to top button