ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Եվրոպայի հետաքրքիր զատկական ավանդույթները

Յուրաքանչյուր երկրում Զատիկը նշում են յուրովի: Եվրոպացիների զատկական ավանդույթները շատ բազմազան են. ոմանք խարույկ են վառում, մյուսները ջրով ցողում են միմյանց կամ անձայն երթ են անցկացնում:

 Գերմանիա. զատկական նապաստակի հետքերով

Գերմանիայում բազմերանգ ներկած ձվերն ավանդաբար բերում է նապաստակը՝ թաքցնելով դրանք խոտերի կամ թփերի տակ: Սուրբ Զատկի օրը մանուկները սկսում են բաղձալի «գանձի» որոնումները: Առաջին գրավոր հիշատակումներն այդ ավանդույթի վերաբերյալ եղել են 1662թ.-ին: Զատկական տոնին գերմանացիները պատրաստվում են նախապես. սկահակի մեջ դնելով ուռենու ճյուղեր, որոնք զարդարված են գունաներկված դատարկ ձվերով:   

Լեհաստան. ջրցողում խնդության առիթով

Այսպես կոչված «ջրցողման երկուշաբթի» տոնակատարության ժամանակ՝ Սուրբ Զատկից հետո, լեհ տղաները ջրով ցողում են աղջիկներին: Վերջիններս «պարտքի տակ» չեն մնում եւ տղաներին «վճարում» են նույն կերպ: «Սմիգուս-դինգուս» արարողությունը հիշեցնում է նշանակալի մի իրադարձություն՝ Լեհաստանում 966թ.-ին քրիստոնեություն ընդունած իշխան Մեշկո I-ի մկրտությունը:   

 Իսպանիա. ապաշխարության երթեր

 Իսպանիայում ավանդաբար տոնում են սուրբ շաբաթը: Ամեն օր՝ սկսած Ծաղկազարդի կիրակիից մինչեւ Սուրբ Զատիկ, ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում երթեր: Ոտաբոբիկ ապաշխարողների թափորը՝ զգեստավորված երկարափեշ հանդերձներով, դիմակներով եւ թասակներով, անցնում է իսպանական քաղաքների փողոցներով՝ մեղքերի թողություն աղերսելով: 

 Անգլիա. պասուց ճաշ եւ փափկամազ շիվեր

Չարչարանաց ուրբաթ օրը Անգլիայի բնակիչները չափազանց քիչ են ուտում: Այդ օրը մատուցում են ավանդական չամիչով բուլկիներ, որոնց վրա ջնարակով խաչ է պատկերված: Եվս մեկ տեղական ավանդույթ է բազմերանգ ձվերով զարդարված ճյուղերին հպվելը: Անգլիացիները վստահ են, որ դա երջանկություն կբերի: 

Իտալիա. լիակատար լռություն

Զատկական տոնակատարությունների ժամանակ աղմկոտ Իտալիան ընկղմվում է լռության մեջ: Համախմբված հավատացյալները մասնակցում են անձայն շքերթների՝ հետեւելով եկեղեցական խաչին, որը տանում են քաղաքի փողոցներով: Այդ կերպ նրանք հիշում են Հիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը: Իսկ Սուրբ Զատկի օրը բոլորն ունկնդրում են Հռոմի պապի ուղերձը, որը նա արտասանում է 60 լեզուներով:    

Իտալիա. տոնակատարության աղը  

Այն ժամանակ, երբ գերմանացիները վայելում են շոկոլադե ձվերը, իտալացիները Զատկի ժամանակ նախընտրում են ավելի «ծանրակշիռ» ուտելիքներ: Ավանդաբար այստեղ թխում են «զատկական տորթ»՝  աղի խմորով, եփած ձվերով եւ սպանախով: Դրա հետ մեկտեղ տոնական սեղանին է դրվում նաեւ աղավնու տեսքով քաղցր խմորեղեն:

Ֆրանսիա. զանգերի լռությունը  

Ֆրանսիայում երեխաները զատկական ձվերի եւ քաղցրավենիքի որոնումները սկսում են միայն երկուշաբթի օրը: Մեծ պասի հինգշաբթի եւ Չարչարանաց ուրբաթ օրերին ամբողջ երկրում լռում են եկեղեցական զանգերը: Դրանց համազանգը, որը տրվում է զատկական կիրակի օրը, առանձնահատուկ նշան է. հավաքվածները տոնական օրվա առիթով կարող են գրկախառնվել եւ համբուրվել:   

Ֆինլանդիա. կրակով եւ ճիպոտներով

Տոնական օրվա առիթով Ֆինլանդիայում միմյանց «ձաղկում» են կեչու ճիպոտներով, իհարկե, թեթեւակի: Այդ կերպ նրանք հիշում են ձիթենու ճյուղերը, որոնցով Երուսաղեմում ողջունել են Հիսուսին: Սուրբ Զատկի կիրակի օրը տեղի է ունենում երեխաների շքերթը՝ թմբուկներով եւ սրինգներով, որով ազդարարվում է սգո ավարտը: Երեկոյան, ինչպես Գերմանիայում, այստեղ եւս վառվում են խարույկները: 

Գերմանիա. քաղցր գառնուկներ

Զատկական քաղցր գառնուկները, որոնք մատուցվում են  Գերմանիայում, հիշեցնում են զոհաբերության հրեական հին ծիսակարգի մասին: Քրիստոնյաների համար անմեղ գառնուկը խորհրդանշում է Հիսուսին, ով հանուն մարդկության մահացավ խաչի վրա: Քրիստոնեական եւս մեկ ավանդույթ է մոմավառությունը, ինչը խորհրդանշում է կյանքը:   

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button