Միջազգային

Թրամփն էսկալացիա չէր ցանկանում, այդ պատճառով հրաժարվում էր զինել Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց զենք մատակարարել Ուկրաինային, այդ թվում Javelin տեսակի հակատանկային հրթիռային համակարգեր, քանի որ չէր ցանկանում սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի բաձրաստիճան պաշտոնյաներին:

Ուկրաինային զենք մատակարարելու առաջարկն արել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով այդ հարցը քննարկել է ամերիկացի նախագահի հետ: Երբ զենք մատակարարելու նախագիծը ստորագրելու համար հայտնվել է Թրամփի մոտ, վերջինս անհանգստություն է հայտնել, որ նման գործողությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի տեղիք կտան եւ կհանգեցնեն առավել ընդգրկուն հակամարտության:

Ինչպես հայտնել են աղբյուրները, Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ Ուկրաինային համարում է «պրոբլեմ Եվրոպայի համար»: Ամերիկացի նախագահը պնդել է, որ զենքը վաճառվի Ուկրաինային, այլ ոչ թե տրամադրվի անհատույց:

Նախագահի խորհրդականներն ամիսներ շարունակ փորձել են համոզել Թրամփին, որ նա ստորագրի այդ նախագծի ներքո:

2017թ.-ի դեկտեմբերին, ստորագրելուց հետո, Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերին ասել է, որ այդ որոշումը կարող է սրել իրավիճակն Ուկրաինայում եւ լուրջ պատերազմի հանգեցնել:Մաքմասթերը նրան պատասխանել է, որ այդ երկրում արդեն իսկ պատերազմ է ընթանում, ինչին ի պատասխան Թրամփն ասել է, թե ԱՄՆ-ն դրան չի մասնակցում:

Ներկայումս Վաշինգտոնն Ուկրաինային տրամադրում է միայն ոչ մահաբեր զինատեսակներ (Humvee մակնիշի զրահամեքենաներ, RQ-11B Raven տեսակի անօդաչու սարքեր, ռադարներ եւ այլն), նաեւ վերապատրաստում է ուկրաինացի զինծառայողներին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտնեցին Ուկրաինային Javelin տեսակի հակատանկային հրթիռային համակարգեր վաճառելու որոշման մասին:  

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close