Միջազգային

«Ռուսաստանը չպետք է իրեն որպես զոհ ներկայացնի». Նոյերթ

«Ռուսաստանը չպետք է իրեն որպես զոհ ներկայացնի»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթը՝ մեկնաբանելով Ռուսաստանից 60 ամերիկացի դիվանագետներին արտաքսելու եւ Սանկտ-Պետերբուրգում ամերիկյան հյուպատոսության փակման մասին Մոսկվայի որոշումը:

Իրական զոհերը, Նոյերթի խոսքերով, հանդիսանում են այն մարդիկ, ովքեր գտնվում են Մեծ Բրիտանիայի հիվանդանոցում, նաեւ Սոլսբերիի բուժաշխատողներն ու փրկարարները, ովքեր կարող էին հայտնվել քիմիական զենքի գործողության գոտում եւ ովքեր ստիպված պետք է երկար ժամանակ մնան բժիշկների հսկողության տակ:

Հիզեր Նոյերթը հրապարակել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանի նամակը, որում նշված է, որ Մոսկվան շահագրգիռ չէ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության անցկացմամբ:

ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ապատեղեկատվական արշավ է անվանել Սոլսբերիում քիմիական հարձակմանն առնչություն չունենալու մասին ՌԴ կողմի հայտարարությունները:

«Նրանք քարոզչության վարպետներ են»,-հայտարարել է Նոյերթը: Ըստ նրա՝ Մոսկվան շարժվում է դիվանագիտական ինքնամեկուսացման ճանապարհով:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button