Իսպանիան ոչնչացրեց Արգենտինային, Բրազիլիայի փոքր ռևանշը Գերմանիայից, այլ արդյունքներ

Այսօր կայացել են ազգային հավաքականների բազմաթիվ ընկերական խաղեր, որոնցից առանձնացրել ենք ամենահետաքրքիրները:
Աշխարհի չեմպիոն Գերմանիան Բեռլինում ընդունել է Բրազիլիային ու 0:1 հաշվով պարտություն կրել: Միակ գոլը 37-րդ րոպեին խփել է Գաբրիել Ժեզուսը, ով գլխի հարվածով եզրափակել է Վիլիանի փոխանցումը:
Այս թիմերը վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, երբ Բունդեսթիմը 7:1 հաշվով պատմական հաղթանակ էր տարել: «Սելեսաոյի» գլխավոր մարզիչ Տիտեն այնքան շատ է կարևորել այսօրվա հաղթանակը, որ ասպարեզ է դուրս բերել մարտական կազմը և հանդիպման ընթացքում միայն մեկ փոփոխություն է կատարել:
Իսպանիայի ընտրանին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընդունել է Արգենտինայի հավաքականին: «Ֆուրիա ռոխան» խաղային հսկայական առավելություն է ունեցել, ինչի շնորհիվ 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել: Իսպանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իսկոն (27՛, 52՛, 74՛), ինչպես նաև մեկական անգամ աչքի են ընկել Դիեգո Կոստան (12՛), Տյագո Ալկանտարան (55՛) և Յագո Ասպասը (73՛): Վերջինիս գոլային փոխանցում է կատարել դարպասապահ Դավիդ Դե Խեան:
Առանց Լիոնել Մեսսիի խաղացած արգենտինացիների կազմում միակ գոլը հեղինակել է Նիկոլաս Օտամենդին (39՛):
Խաղային օրվա կենտրոնական մրցավեճերից երրորդը կայացել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ Անգլիան ընդունել է Իտալիային: Արձանագրվել է ոչ-ոքի` 1:1:
Բրիտանացիներին առաջ է մղել Ջեյմի Վարդին (26՛), ով եզրափակել է Ջեսի Լինգարդի` տուգանայինի արագ խաղարկումը: Խաղավերջում «սկուադրա աձուրայի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան 11-մետրանոց է վաստակել, որն իրացրել է Լորենցո Ինսինյեն:
Ներկայացնում ենք նաև այսօր կայացած մի քանի այլ հանդիպումների արդյունքներ.
Ճապոնիա – Ուկրաինա` 1:2
Վրաստան – Էստոնիա` 2:0
Ռուսաստան – Ֆրանսիա` 1:3
Ադրբեջան – Մակեդոնիա` 1:1
Դանիա – Չիլի` 0:0
Բելգիա – Սաուդյան Արաբիա` 4:0