Նորություններ

«Հարգելի անկրկնելի կառավարություն, Տարոն Մարգարյանին կանչեք պատասխանատվության»

«Հարգելի և անկրկնելի կառավարություն»,- այսպես ժպտալով իր խոսքը սկսեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հետո հետևյալ հարցը բարձրացրեց. «Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ մի երկու անգամ պատժվել են: Պետք է հարուցվեր քրեական գործ, ովքեր թույլ են տալիս այդ շինարարությունը: Տարոն Մարգարյանին պետք է կանչել պատասխանատվության և քրեական գործ հարուցել նրա դեմ: Ես երեկ ասեցի, թե ինչու՞ գլխավոր դատախազը խարդախ է: Հիմա, եթե դուք անզոր եք պայքարել սրա դեմ, ապա քրեական պատասխանատվության ենթարկեք այդ մարդկանց»:

Հիշեցնենք, որ Փակ շուկան մշակութային հուշարձան է, և այնտեղ շինարարություն իրականացնելն արգելվում է:

Փոստանջյանի հարցին հետևյալ կերպ պատասխանեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը. «Թիվ մեկ շուկային տրամադրվել էր իրականացնել շինարարական աշխատանքներ ստորգետնյա վայրերում, այսինքն ամրացման աշխատանքներ իրականացնել, բայց պարզվեց, որ իրականացվում է նաև վերգետնյա մասում, քաղաքապետարանը վարչական պատասխանատվության ենթարկեց շինարարներին: Հետո, սակայն, աշխատանքները շարունակվեցին, և երկրորդ անգամ նրանք ենթարկվեցին վարչական պատասխանատվության: Ներկայումս շինարարությունը վերգետնյա հատվածում դադարեցված է, հայտարարում եմ պաշտոնապես»:

Զարուհի Փոստանջյանը, սակայն, մեկ անգամ ևս հայտարարեց, որ շինարարությունը շարունակվում է, հետևաբար անհրաժեշտ է անմիջապես քրեական գործ հարուցել բոլոր մեղավորների դեմ:

Փայլակ Ֆահրադյան

Back to top button