Միջազգային

ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը Սկրիպալի թունավորման պատճառով

Միացյալ Նահանգները չի բացառում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը որպես պատասխան Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

Վաշինգտոնում նշում են, որ նյարդա-պարալիզացնող նյութի օգտագործումը խախտում է քիմիական զենքի արգելման   համաձայնագիրը: Եթե Ռուսաստանի մասնակցությունը Սկրիպալի թունավորման գործում ապացուցվի, ապա Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն: Նման կերպ Վաշինգտոնը հայտնեց Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին Մալայզիայում երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի եղբորը թունավորելուց հետո: Այն մասին, թե ինչ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ, ովքեր կհայտնվեն սեւ ցուցակում, եւ երբ կկիրառվեն միջոցները, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանություն տալ:

Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը հիվանդանոց են տեղափոխել մարտի 4-ին: Երկուսն էլ մինչեւ հիմա գտնվում են ծանր վիճակում:  Կա վարկած, որ Սկրիպալի տուն թույնը կարող էր հայտնվել դստեր՝ Յուլյայի ճամպրուկից, ով մարտի 3-ին էր ժամանել Ռուսաստանից: Ըստ The Telegraph թերթի՝ քննիչները վարկած են քննարկում, որ թույնով կարող էին ներծծված լինել հագուստը, կոսմետիկ միջոցները եւ նվերները, որոնք գտնվել են ճամպրուկում: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը Մոսկվայում մուտք է գործել  Յուլյա Սկրիպալի բնակարան եւ թունավոր նյութը թողել է այնտեղ: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է Ռուսաստանին Սկրիպալի թունավորման մեջ: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները Մոսկվային կոչ են արել տրամադրել տեղեկություն «Նովիչոկ» նյութի մասին, որը, ինչպես պնդում են, օգտագործվել է նախկին սպային թունավորելու համար:

Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է որպես պատասխան երկրից արտաքսել բրիտանացի դիվանագետներին:  

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button