Միջազգային

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ-ի գանձապետարանը հաստատել է Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների ցանկը, որոնց նկատմամբ կգործեն ամերիկյան պատժամիջոցները՝ ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու համար: Որոշման տեքստը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Ցուցակում ընդգրկվել են 14 ֆիզիկական անձինք, որոնց կապում են Ինտերնետ-հետազոտությունների գործակալության գործունեության հետ: Նրանք են՝ Միխայիլ Բուրչիկը, Միխայիլ Բիստրովը, Ալեքսանդրա Կռիլովան, Աննա Բոգաչովան, Մարիա Բովդան, Ռոբերտ Բովդան, Ջեյխուն Նասիմի օղլի Ասլանովը, Վադիմ Պոդկոպաեւը, Գլեբ Վասիլչենկոն, Իրինա Կավերզինան, Սերգեյ Պոլոզովը, Վլադիմիր Վենկովը, Սերգեյ Աֆանասեւը եւ Գրիգորի Մոլչանովը:

Բացի այդ, ամերիկյան գանձապետարանի հրապարակած փաստաթղթում հիշատակվում են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարների անունները՝ գերատեսչության ղեկավար Իգոր Կորոբովի, ԳՀՎ ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոստյուկովի, ԳՀՎ ղեկավարի տեղակալներ Վլադիմիր Ալեքսեեւի եւ Սերգեյ Գիզունովի:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ Վլադիմիր Պուտինի՝ այսպես կոչված խոհարար Եվգենի Պրիգոժինը, եւ նրա հետ կապված կազմակերպությունները:  

Փետրվարի 16-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանքներ էր ներկայացրել ՌԴ 13 քաղաքացիների եւ 3 ընկերությունների՝ 2016թ.-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար: 

Ամերիկյան հետախուզության կողմից հրապարակված զեկույցում նշված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրամայել ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու արշավ սկսել:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close