Սպիտակ տան հաղորդակցության տնօրենը պաշտոնաթող է եղել
Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն, նախկին մոդել եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի դաշնակից Հոուփ Հիքսը հեռանում է պաշտոնից, հայտնում են աշխատակազմի մամլո ծառայությունից:
Նախկինում 29-ամյա Հիքսը եղել է նախագահի ռազմավարական հաղորդակցության տնօրենը, ինչպես նաեւ նրա նախընտրական շտաբի մամլո խոսնակը: Նա համարվում է նախագահի ամենավստահելի օգնականներից մեկը:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հիքսն իր գործընկերներին ասել է, որ արդեն զգացել է, որ Սպիտակ տանը հասել է այն ամենին, ինչ ցանկացել է:
Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ, թե երբ նա կլքի աշխատակազմը:
Դոնալդ Թրամփի նախագահության պահից Հիքսը չորրորդ մարդն է, ով նշանակվել է այդ պաշտոնին: Նրա նախորդը՝ Էնթոնի Սկարամուչին, այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 10 օր:
Սանդերսի խոսքերով՝ Հիքսի՝ աշխատանքից հեռանալու մասին որոշումը կապված չէ այն ցուցմունքների հետ, որը նա տվել է ԱՄՆ-ի կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովին՝ ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան հնարավոր միջամտության մասին հետաքննության շրջանակներում:
Նախագահ Թրամփը Հիքսին անվանել է «խելացի եւ լրջամիտ»՝ ասելով, որ նա վերջին երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարել:
Հիքսը համարվում է առանցքային վկա Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերի մասին հետաքննության մեջ:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան