Նորություններ

Կառավարության հերթական մեյմունությունը. մեր փողերով վճարելու են մեր փոխարեն. Արամ Մանուկյան

Այսօր` մայիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց կայացավ հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն «Հայ ազգային կոնգրեսի» չորս երիտասարդ ակտիվիստների: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանն ասել է.

«Այս տարի օգոստոսի 9-ին կլրանա արդեն 2 տարին, ինչ տեղի ունեցավ հայտնի ոստիկանական սադրանքը, ինչ երիտասարդների հանդեպ մեկնարկել է քաղաքական հետապնդումը, ինչ Տիգրան Առաքելյանն արդեն բանտում է: Սա կարող է որոշ մարդկանց մոտ հուսահատություն առաջացնել, սակայն կա նաև մեկ ուրախալի փաստ` մեր հույսը ոչ թե դեպի իշխանություններն է, այլ դեպի իրական փոփոխությունները: Սրա ապացույցն է այս ժողովուրդը, որը երկու տարի շարունակ ոչ մի վայրկյան անգամ չի կասկածել իր հաջողության վրա, ոչ մի վայրկյան չի նահանջել, շարունակել է պայքարել թե՛հանուն երիտասարդության, թե՛ հանուն Հայաստանում օրինականության վերականգնման համար: Սա իսկապես հուսադրող փաստ է, քանի որ երբ ցանկացած երկրում կան այսպիսի պայքարի օջախներ, այդ երկրում կան նաև դրական փոփոխությունների բոլոր հույսերը»:

Ակցիային մասնակցում էր նաև Արամ Մանուկյանը: Նա անդրադարձել է գազի գնի թանկացմանը: Արձանագրել է, որ ապրիլի 1-ից արդեն գազի գինը թանկացել է, սակայն թե երբ է ստորագրվել գազի գնի թանկացման մասին պայմանագիրը, անհայտ է: Սակայն պարոն Մանուկյանն ընդգծել է, որ պարզ է, որ այդ պայմանագիրը, հավանաբար, ստորագրվել է ընտրություններից առաջ, և ՀՀ իշխանությունների միակ նպատակը եղել այդ ստորագրված փաստաթղթի կոծկումը, մինչ առաջիկա երկու ընտրությունների ավարտը:

«Ռուսների հետ հիմա ընդամենը բանակցում են, թե ապրիլի մեկից սկսած՝ մինչև ժողովրդի վճարելու օրը, այդ 270 դոլար 1000 խմ2 համար գումարը ո՞վ է վճարելու, քանի որ մենք կվճարենք, երբ գների կոմիտեն կհաստատի նոր գազի գինը,- ասել է Արամ Մանուկյանը:- Կառավարության երկրորդ մեյմունությունը, այսպես ասած, սուբսիդավորումն է: Փոխհատուցումը, որը բյուջեից է գալու, դա ևս մեր գումարներն են, այսինքն՝ մեր գումարները տալու են Ռուսաստանին գազի գինը սուբսիդավորելու համար, ու ժողովրդին թվալու է, թե իր տեղը պետությունը վճարեց: Փաստորեն, մեր փողով մեր տեղը վճարելու են»,- եզրափակել է պարոն Մանուկյանը:

 

Տաթև Ֆռանգյան

 

Back to top button