Մեկնաբանություն

Քրեաօլիգարխին «գծերից գցելն» արժե առնվազն մեկ մարդու կյանք

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպը նրա պաշտոնանկությամբ չէր ավարտվի, եթե այն չունենար մահվան ելք: Սյունիքի մարզում վախի մթնոլորտի ստեղծում, խուլիգանական վարք, կրիմինալ գործունեություն. սրանք Լիսկայի անվան հետ առնչվող երևույթներ են, որոնք բնավ նորություն չեն արդեն ոչ ոքի համար: Սակայն երբ միշտ եկել է գնահատական հնչեցնելու պահը, իշխանությունը նրբորեն շրջանցել է հարցը՝ նաև կիրառելով հասարակության ուշադրությունը մեկ այլ իրադարձությամբ շեղելու հայտնի տեխնոլոգիան, իսկ իշխանությունների կողմից պատժիչ գործողություններ ակնկալելը կամ այդ մասին խոսելը նույնիսկ ավելորդ է դարձել:

Իշխանությունների նման մոտեցումը, ներողամտությունը և «սերը» Սուրիկ Խաչատրյանի և  նման այլ քրեաօլիգարխների հանդեպ հանրության կողմից մեծամասամբ միշտ կապվում է տվյալ շրջանին հաջորդող ընտրությունների հետ, քանի որ նման անձիք ձայներ ապահովողի, ընտրակաշառքների բաժանում կազմակերպողի, վախի մթնոլորտ ստեղծողի և թաղային խուժանին «գործի գցողի» ֆունկցիա ունեն: Ընտրությունները կավարտվեն, և հավանաբար նրանց «արանքից կհանեն». սա հասարակության տարբեր շրջաններում հաճախ հնչող կարծիք է՝ ավելի շատ սին հույսեր հիշեցնող:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ իշխանություններն իրենց կամքով կրիմինալ չինովնիկներին ու քրեաօլիգարխներին «արանքից չեն հանում», իսկ եթե երբեմն նման բան անում էլ են՝ միայն ճարահատյալ, օրինակ, մահվան ելքով միջադեպերն այն դեպքերն են, որոնք իշխանություններին այլընտրանք գրեթե չեն թողնում:

Նույն հաջողությամբ նախորդ տարի Ռուբեն Հայրապետյանը վայր չէր դնի մանդատը, եթե Հարսնաքարում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը չմահանար: Ստացվում է, որ յուրաքանչյուր քրեաօլիգարխին «գծերից գցելն» արժե առնվազն մեկ մարդու կյանք, դա էլ այն դեպքում, երբ սպանություններն այնքան բացահայտ են, որ պարզապես դրանք կոծկելու ոչ մի տարբերակ չկա:

Մեկ այլ քրեաօլիգարխ Մհեր Սեդրակյանի անվան հետ կապված դեռ ոչ վաղ անցյալում երկու աղմկահարույց իրադարձություն եղավ՝ լրագրողի ծնոտը կոտրելու սպառնալիքը և բենզալցակայանում դերասանի ծեծը՝ Սեդրակյանի աշխատակիցների կողմից (երկրորդը, ի դեպ, շատ արագ և հաջողությամբ կոծկվեց այն աստիճան հաջողությամբ, որ երևի Սեդրակյանն ինքն էլ հավատաց, որ նման բան չի եղել): Սեդրակյանը տակից դուրս եկավ ընդամենը ափսոսանք հայտնելով: Այդ ժամանակ նույնպես սպասումներ կային, որ Թոխմախի Մհերը կպատժվի գալիք ընտրություններից հետո, սակայն ինչպես տեսանք՝ ոչ մի պատիժ էլ չեղավ:

Պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քրեաօլիգարխներից և կրիմինալ տարրերից ձերբազատվելու ոչ մի մտադրություն և ցանկություն իրականում չունեն: Եվ խնդիրը միայն ընտրություններին ձայն ապահովելը չէ, հարցը ավելի խորքային է. երկու այս համակարգերը լրացնում եմ միմյանց, հենվում են իրար վրա, ունեն ոչ միայն ընդհանուր ֆինանսական շահեր, այլև որակական ընդհանրություններ: Նույն քրեաօլիգարխները Սերժ Սարգսյանի շրջապատի ներկայացուցիչներն են, որոնցից ոմանք իրենց մտերմությանը տալիս են «մարտական ընկերներ» սահմանումը: Նույն Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ում «հերոսությունների» մասին մեկ անգամ չէ, որ լսել ենք, իր գործունեությամբ և վարքով առնչվում է նշված շրջանակների հետ:

Իշխանական որոշ ներկայացուցիչներ, իհարկե, տարբեր առիթներով փորձում են ներկայացնել, թե իշխանության կազմում քրեաօլիգարխներ, նույնիսկ օլիգարխներ չկան՝ այսպիսով կիրառելով ուղեղալվացման արդեն հնացած մեթոդը, որն այլևս ազդեցիկ չէ: Նույնիսկ «հանճարեղ» Գալուստ Սահակյանը մի առիթով հիշեցրել է օլիգարխի սահմանումը. «Օլիգարխը նա է, որը հարստություն ունի և իր հարստության ուժով կարողանում է իշխանության որոշումների վրա ազդեցություն ունենալ, օրինակ ձեր ասած Սամվել Ալեքսանյանը օրենսդրական ամբողջ գործընթացներին երբևիցե տեսե՞լ եք որևէ ազդեցություն ունենա»:

Գուցեև Հայաստանի դեպքում ազդեցությունը բացահայտ չէ, սակայն քողարկված կերպով որքան անհրաժեշտ է, այդքան էլ կարողանում են ազդել: Ամեն դեպքում սա Հայաստանն է, և կարիք չկա համեմատել Իտալիայի կամ այլ երկրների մոդելների հետ, յուրաքանչյուր երկրի համակարգ ունի իր առանձնահատկությունները:

Հայաստանի քրեաօլիգարխներն ունեն ևս մեկ կարևոր գործառույթ. ծավալելով տնտեսական գործունեություն՝ իշխանությունների «թույլտվությամբ» ստեղծում են մենաշնորհներ՝ արդյունքում պարզապես խեղդելով միջին բիզնեսը: Բազմաթիվ քաղաքացիներ և միջին բիզնեսմեններ զրկվում են գործունեություն ծավալելու հնարավորությունից, և այն աշխատատեղերը, որոնք կարող էին ստեղծվել միջին բիզնեսում, ստեղծվում են արդեն օլիգարխների կողմից՝ իրենց խոշոր բիզնեսների ընդլայնման հաշվին: Աշխատատեղ ստեղծող բարերարների անուն հանելով՝ նրանք իրականում բավականին ցածր աշխատավարձերով օգտագործում են հազարավոր մարդկանց՝ էժան աշխատուժի ջանքերով ապահովելով իրենց գերշահույթները: Գերշահույթների մի չնչին մասն էլ ուղղվում է բարեգործության, արդյունքում ունենում ենք ոչ թե քրեաօլիգարխներ և կրիմինալ տարրեր, այլ «եկեղեցաշեն բարերաներ»: Փոխվում է անվանումը, բայց ոչ բնույթը:

Այս ամենը բերում է հասարակության ընդհանուր կենսամակարդակի անկման, իսկ անկումը, ինչու՞ չէ, կարող է ձեռնտու լինել իշխանություններին, քանի որ ցածր կենսամակարդակով հասարակությունն ավելի հեշտ կառավարելի է և ավելի հեշտ է մանիպուլյացիաների ենթարկվում ոչ միայն իշխանությունների, այլև այլ քաղաքական ուժերի կողմից:

Կարեն Վարդանյան

Back to top button