Ս. Սարգսյանի «գնաճի դեմ պայքարը». գները դարձյալ աճել են 2.7%-ով
Չնայած Ս. Սարգսյանի կարգադրությանը՝ վերահսկել եւ կանխել գնաճը, ՀՀ-ում գներն ավելի են բարձրացել: 2017թ.-ին արձանագրված գնաճը շարունակվել է նաեւ 2018-ի առաջին ամսում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ նոր գնաճը կազմել է 2.7 տոկոս: Այն արտահայտվել է ինչպես անցած տարեվերջի, այնպես էլ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Այսպես, 2018թ. հունվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 2.7% գնաճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրված շուրջ 5.7% գնաճով:
ՀՀ ԱՎԾ հրապարակած սպառողական գների 2018թ. հունվարի ինդեքսի համաձայն՝ սպառողական շուկայում գնաճ է գրանցվել սննդամթերքի (5.1%), ոչ պարենային ապրանքների (1.5%) և ծառայությունների սակագների (0.2%) մասով, բացառությամբ հագուստեղենի եւ կոշկեղենի շուկայի:
Միեւնույն ժամանակ ԱՎԾ-ն հրապարակել է վերջին 10 տարվա գնաճը ներկայացնող աղյուսակ՝ 2009-2018թթ.-ի համեմատական նկարագիրը: Համաձայն աղյուսակի՝ սպառողական գների հավելաճը 2018թ.-ի ընթացքում գրեթե 2014թ.-ի մակարդակի վրա է գտնվում: Իսկ գների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2012թ.-ին:
2018թ.-ի հունվարի դրությամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճի վրա մեծ ազդեցություն ունի գնաճը մրգեղենի եւ բանջարեղենի շուկայում՝ համապատասխանաբար 10.0% և 34.3% գների բարձրացում է նկատվել:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 26.2-38.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 34.6%-ով:
Մրգի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 10.0% գնաճ: Իսկ մրգի գինն ամենաբարձրը Վանաձորում է եղել:
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 13.1%, 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.3%-ով):
2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.2% գնաճ, իսկ հրուշակեղենի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում:
Բենզինի գները դարձյալ աճել են
Ըստ ԱՎԾ տեղեկատվության՝ 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի մասով գրանցվել է ընդհանուր 11.2% գնաճ:
Սրանք էլ սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում, ունենալով համապատասխանաբար 8.58% և 3.65% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.54 տոկոսային կետով:
Բենզինի եւ դիզելային վառելիքի այսօրվա գները մոտ են 2015թ.-ին գրանցված ցուցանիշներին:
/LimiteText/
Ծառայությունների սակագներ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով, տրանսպորտինը՝ 0.2%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0.5% հավելաճով), կրթության ծառայություններինը՝ 0.8%-ով, հանգստի և մշակույթի ծառայություններինը՝ 2.1%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 4.4%-ով, իսկ առողջապահության, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2.7% գնաճն ուղեկցվել է նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2.6% և 0.7% հավելաճ: 2018թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482.4 դրամ, ինչը 0.7%-ով ցածր է 2017թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (486.0 դրամ):
Քրիստինա Մկրտչյան