ՆորություններՎճարովի

Ճոխ ճաշկերույթներ՝ պետական բյուջեի միջոցներով

Իշխանական տարբեր գերատեսչություններ պետական միջոցները չեն խնայում տարբեր պատվիրակությունների ճոխ ընդունելության եւ ճաշկերույթների կազմակերպման վրա:

Armeps.am կայքում զետեղված գնումների պայմանագրերից առանձնացնենք մի քանիսը, որոնք առնչվում են նախորդ տարի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ գլխավոր դատախազության կատարած գնումներին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի խորհրդակցական կոմիտեի առեւտրային քաղաքականության ենթակոմիտեի նիստը Երեւանում անցկացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից ծախսվել է 3 մլն 216 հազար ՀՀ դրամ:

65 հոգու համար ընթրիք է կազմակերպվել, եւ ավելի քան կես միլիոն դրամ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը փոխանցել է «ԴԵՄԳՈ» ՍՊԸ-ին:

Ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում քննարկում անցկացնելու համար 2017 թվականի մարտ ամսին դարձյալ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Երեւան: Պատվիրակության այցը կազմակերպելու հետ կապված ծախսերը մարտի 1-3-ը կազմել է 664,5 հազար ՀՀ դրամ:

30 հոգու համար ընթրիք է կազմակերպվել եւ դարձյալ «ԴԵՄԳՈ» ՍՊԸ-ին փոխանցվել է 240 հազար դրամ գումար:cuc1

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջային կոմիտեն 2017 թվականի դեկտեմբերի 20-ին պաշտոնական ընթրիքի կազմակերպման համար «Հոթել Ցենտրալ» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին փոխանցել է 312.000 դրամ:

Նույն գերատեսչությունը պաշտոնական ճաշ կազմակերպելու համար «Բի Էյ Պերլա» ՍՊԸ-ին, 15.12.2017 թվականին կնքված գնման պայմանագրի համաձայն, 695.550 դրամ է փոխանցել՝ պետական բյուջեի եւ արտաբյուջեի միջոցների հաշվին նախատեսված համապատասխան պատվիրակությունների եւ հյուրերի ընդունելության շրջանակներում՝ ներկայացուցչական ծախսեր հոդվածի համաձայն:

Սեպտեմբերին կայացած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված բոլոր ծառայություններն արժեցել են շուրջ 3,5 մլն ՀՀ դրամ:

/LimiteText/

Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը դարձյալ տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին, արժեցել է 4 մլն 751 հազար ՀՀ դրամ:

ԵԽ տեղակալ եւ տարածքային կոնգրեսի նախագահի պատվիրակության համար 2017-ի նոյեմբերին ճաշ են կազմակերպել եւ «Արտ Ռեստ» ՍՊԸ-ին վճարել 96.800 դրամ:

Հյուրասիրության կազմակերպման համար նախորդ տարեվերջին նախարարությունը 377.000 դրամի չափով գումար է փոխանցել «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ-ին:

ՀՀ կառավարության աշխատակազմը կես մլն դրամի պայմանագիր է կնքել «Փարիզ հոթել» ՍՊԸ-ի հետ՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության կողմից անցկացվող հունիսի 6-7-ը անցկացված աշխատաժողովի կազմակերպման համար (30 հոգու համար ճաշ, սուրճի ընդմիջում):

«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում միջոցառումների կազմակերպման համար ծախսվել է 660.000 ՀՀ դրամ:

Ճոխ ճաշկերույթի մի քանի օրինակ էր ընդամենը: ՀՀ իշխանական տարբեր գերատեսչություններ զերծ չեն մնում նման միջոցառումների կազմակերպումից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Երեւան» հյուրանոց ԲԲԸ-ին պաշտոնական ճաշի համար, 23.01.2017 թվականին կնքված պայմանագրի համաձայն, փոխանցել է 293.300 դրամ:

Այս կառույցը եւս 317.520 ՀՀ դրամ վճարել է պաշտոնական ճաշի մատուցման ծառայության համար «Սիներջի Յուրոփ» ընկերությանը՝ 2017 թվականի տարեսկզբին:

ՀՀ գլխավոր դատախազությունը նախորդ տարեվերջին (18.12.2017) պաշտոնական ճաշ է կազմակերպել եւ 400.000 դրամ վճարել «Հասմիկ եւ եղբայրներ» ՍՊԸ-ին:

Նույն ՍՊԸ-ին 15.12.2018-ին պաշտոնական ճաշի կազմակերպման համար վճարել է 990.000 դրամ:cuc

ՀՀ դատական դեպարտամենտը Այվազ Թամրազյան Ա/Ձ-ին փոխանցել է (24.07.2017թ.) 350.000 դրամ ճաշկերույթի համար:

Առանձին թեմա են ճոխ հուշանվերները՝ հիմնականում թանկարժեք կոնյակի տեսքով, ինչպես նաեւ ծաղկային շքեղ կոմպոզիցիաների գնումը:

 

 Արմենուհի Վարդանյան

Back to top button