ՆորություններՎճարովի

ՀՀ Կառավարության եւ ՀՀ ԱԺ 2018 թ. գնումները

2018թ.-ի համար ՀՀ կառավարությունը պատրաստվում է մոտ մեկ մլն դրամի նոր սպասք գնել: Այդ գումարի մեջ են մտնում սուրճի բաժակներ, կերակրի նոր տարաներ, ափսեներ եւ այլն: Միգուցե 2018թ.-ի ապրիլից հետո ձեւավորվող նոր կառավարությունը, որը կգործի Բաղրամյան 26 հասցեում, որոշել է հրաժարվել ՀՀ կառավարության կողմից շահագործված հին սպասքից:

Տպավորիչ է նաեւ հիգիենիկ պարագաների, ծառայողական մեքենաների սպասարկման եւ թղթի (զուգարանի եւ ձեռքի թղթե սրբիչների) համար հատկացված 2018թ.-ի բյուջեն:

ՀՀ Ֆինանսների նախարարության http://gnumner.am/ կայքում հրապարակվել են քաղաքապետարանների, գյուղապետարանների, պետական կառավարման մարմինների 2018թ.-ի գնումների պլանները:

ԳԱԼԱ-ն ուսումնասիրել է ՀՀ կառավարության եւ ԱԺ գնումները, որոնք հրապարակվել են պաշտոնական կայքում:

Հրապարակումներում երեւում են, թե 2018թ.-ի համար տվյալ պետական կառույցն ինչ իր կամ ինչ ծառայության գնում է ներկայացնում, քանի միավորի համար, միավորի գինը եւ ընդհանուր գինը:

ՀՀ կառավարությունը մոտավորապես 1.3 մլրդ դրամի գնումների ցանկ է հրապարակել, որտեղ մեծ թիվ է կազմում հատկապես ծառայողական մեքենաների սարքավորումների, վառելիքի եւ շահագործման համար պահանջվող գումարը:

Ներկայացված գնումների պլանում ավելի քան 15 մլն դրամի հատկացում է ներկայացված ծառայողական մեքենաների համար պահեստամասեր, յուղ, վառելիք եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ընդ որում, կառավարությունը 127 մլն պրեմիում տեսակի եւ 1.6 մլն-ի ռեգուլյար տեսակի բենզինի ծախս է ներկայացրել:

Հոսանքի ծառայությունների համար պլանավորում են հատկացնել 150 մլն դրամ գումար, գազի համար՝ 53 մլն, 63 մլն դրամի՝ հեռախոսազրույցներ (հանրային հեռախոսի ծառայություններ եւ բջջային hեռախոսազրույցների):

ՀՀ կառավարության ներկայացրած պլանում հաջորդ տպավորիչ գնումը զուգարանի թղթի եւ թղթե սրբիչների գնումներն են: 1 մլն դրամից ավելի ՀՀ կառավարությունը կհատկացնի զուգարանի թղթի ձեռք բերմանը, կգնեն մեկ ռուլոնը 100, 180, 1100 դրամանոց զուգարանի թղթեր:

Ձեռքի թղթե սրբիչների համար կհատկացվի ավելի քան 3 մլն դրամ գումար:

/LimiteText/

Իսկ ՀՀ ԱԺ-ում թղթե սրբիչների համար կրկնակի են նախատեսել, մոտավորապես 7 մլն դրամ գումար: Թղթե սրբիչի մեկ ռուլոնը գնահատել են 6.500 դրամ:

ԱԺ-ն գնում է 800 դրամանոց եւ 200 դրամանոց զուգարանի թուղթ՝ հատկացնելով ավելի քան 1.35 մլն դրամ գումար:

2018թ.-ի գնումների պլանում խորհրդարանը ձեռք կբերի նոր ուղեգորգ՝ 21 մլն դրամ արժողության:

Գազի ծախսը 58 մլն, իսկ հոսանքի ծախսը 84 մլն:

Դարձյալ ծառայողական մեքենաների համար նախատեսվում են մեծ գումարներ, մասնավորապես նշենք, որ շուրջ 100 մլն դրամ կհատկացվի միայն ծառայողական մեքենաների վառելիքի համար: ԱԺ-ն կգնի 11 մլն-ի սուպեր, 78 մլն-ի ռեգուլյար տեսակի բենզին եւ դիզելային վառելիք 1.5 մլն դրամի:

 Քրիստինա Մկրտչյան

 

 

Back to top button