Ուժային կառույցների ընդհանուր ֆինանսավորումը 2.5 անգամ ավելի է ՀՀ համայնքների դոտացիայից

Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի, ինչպես նաև դատական գործունեության ֆինանսավորմանը 2018թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել ավելի քան 102,61 մլրդ դրամ գումար:
ՀՀ բոլոր համայնքների համար հատկացվող դոտացիան մոտ 2.5 անգամ պակաս է:
Տարիներ շարունակ իշխանությունը ծրագրեր է հրամցրել և անկատար թողել, թե ինչպես պետք է ապահովել համայնքների համաչափ զարգացում և իշխանության ապակենտրոնացում: Խոսել են այս կամ այն նախարարությունը մարզեր տեղափոխելու մասին, մարզերում արտադրական հնարավորություններ զարգացնելու, բիզնես նախագծեր իրականացնելու մասին: Սահմանադրական փոփոխություններ և խորհրդարանական կառավարման համակարգ քարոզելիս էլ իշխանությունը նոր համակարգի անցումը Հայաստանում հիմնավորում էր կենտրոնացված իշխանական լծակների վերաբաշխման և իշխանության ապակենտրոնացման գաղափարներով:
Հիմա, երբ մեզ ընդամենը երկու ամիս է բաժանում խորհրդարանական կառավարման համակարգից, և երբ երկրի օրենքները փորձում են հարմարեցնել նոր կառավարման համակարգին, մենք բոլորովին այլ բան ենք տեսնում:
Դեպի ժողովրդավարություն և իշխանության ապակենտրոնացում քարոզող ՀՀ իշխանությունը շարունակում է հոգ տանել ոչ միայն ուժային կառույցները մեկ ձեռքում կենտրոնացնելու, այլև նրանց հնարավորինս շատ կերակրելու և ուժեղացնելու ուղղությամբ:
Սրան հակառակ պետական բյուջեից հանրապետության համայնքներին ամենամյա հատկացվող դոտացիան տարիներ շարունակ մնում է ցածր՝ չնչին փոփոխություններով:
Տեղական ինքնակառավարման բոլոր համայնքների ամբողջական բյուջեն կազմում է երկրի համախառն բյուջեի մոտավորապես 10 տոկոսը:
/LimiteText/
ՀՀ ոստիկանության ֆինանսավորումը
Որպես օրինակ փորձենք համեմատել ՀՀ ոստիկանությանը և Հայաստանի համայնքներին հատկացվող ֆինանսավորումը պետական բյուջեից:
2016թ. ՀՀ ոստիկանությանը որպես պահպանման ծախսեր հատկացվել են 36 մլրդ 485.6 մլն դրամ:
2017թ. պահպանման համար հատկացվել է մոտ 36 մլրդ դրամի չափով գումար:
2018թ.-ի բյուջեով նախատեսվում է 35 մլրդ 849 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը:
Սրա մեջ են մտնում նաև աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները (մոտավորապես 31 մլրդ 195 մլն դրամի չափով):
Ընդհանուր հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի, ինչպես նաև դատական գործունեության ֆինանսավորմանը 2018թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել ավելի քան 102,61 մլրդ դրամ գումար:
Դրա հետ մեկտեղ չմոռանանք նաև, որ ուժային կառույցներն ունեն նաև արտաբյուջետային եկամուտներ. դրանք, օրինակ, ոստիկանության համար այդ կառույցի կողմից մատուցվող ծառայությունների եկամուտներն են, տուգանքներից ստացվող տոկոսները:
Իշխանության համար ձեռնտու է լավ ֆինանսավորել և մեծացնել այս ապարատը, որն անհրաժեշտության դեպքում կկանգնի իշխանության կողքին, դուրս կգա փողոց, երթեր ու ցույցեր կցրի և կապահովի իշխանության հարատևությունը:
Խոսքը միայն ոստիկանության մասին չէ: Պարբերաբար բյուջեի և հաստիքների աճեր նկատելի են նաև մյուս ուժային և ոչ միայն ուժային պետական շատ հիմնարկների մասով:
Փոխարենն իշխանությունը համարում է, որ պետական բյուջեի 10 տոկոսը բավարար է ՀՀ բոլոր համայնքների համար, որը «կհոգա», որ տեղական իշխանությունը «չհանդգնի» նույնիսկ մտածել ինքնակառավարման, ինքնուրույնության մասին և ցանկացած ժամանակ կշարունակի մնալ կենտրոնական իշխանությունից սնվող կցորդ մարմին:
Պետական հատկացումներ համայնքային բյուջեներին
ՀՀ 2015թ. պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաները կազմել են շուրջ 44 մլրդ դրամ:
ՀՀ 2016թ. պետական բյուջեով՝ 47մլրդ դրամ:
2017, 2018թթ.-ին այս թիվը գրեթե մնացել է անփոփոխ:
2018թ. բյուջեով շուրջ 47 մլրդ-ից, օրինակ, Երևանին հատկացնում են շուրջ 13.4 մլրդ դրամ, ՀՀ երկրորդ քաղաքին՝ Գյումրիին՝ 1 մլրդ 968 մլն 669 հազար դրամ:
Բնականաբար, խոսել ապակենտրոնացման և համայնքների զարգացման մասին, հաշվի առնելով պետական այս հատկացումները, անտրամաբանական է:
Քրիստինա Մկրտչյան