Նորություններ

Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությանը Ֆինանսների նախարարությունն ուզում է ներգրավվել որպես երրորդ անձ

ՀՀ Ոստիկանության դեմ Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությունը 2018 թ. փետրվարի 1-ին ՀՀ Վարչական դատարանը հետաձգեց: Ֆինանսների նախարարության՝ որպես երրորդ անձ ներգրավվելու դիմումը դատարանը մերժել է: Նախարարությունը վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկում է այդ որոշումը:

Հիշեցնենք՝  Ս. Սիմոնյանը Հայ կանանց ճակատի մյուս անդամների հետ 2017 թ. սեպտեմբերի 20-ին փորձել է հավաք իրականացնել Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում: Սակայն հավաքն սկսելուն պես ոստիկանության աշխատակիցները շրջապատել են նրան, ֆիզիկական ուժի գործադրմամբ, առանց որևէ պարզաբանման՝ նստեցրել ոստիկանության ավտոմեքենա՝ ոստիկանության բաժին տեղափոխելու նպատակով։

Այնուհետեև հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և կրկին ուժի գործադրմամբ նրան իջեցրել են մեքենայից: Դատարան ներկայացված հայցով Ս. Սիմոնյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են նրա մի շարք իրավունքների խախտմանը և պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով։

Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Back to top button