Էդվարդ Նալբանդյանը հաստատեց՝ Ռոբսոնը եղել է իր խորհրդականը

Հայտնի ռուսաստանցի գործարար, հայազգի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), ում Ամերիկայի Միացյալ Նահանգները 2017թ.-ի վերջին ընդգրկել էր պատժամիջոցների ցուցակում «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, հայտնել էր, որ ինքը հանդիսանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը:
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել է ասվածը, սակայն չի մանրամասնել, թե հատկապես ինչ խորհուրդներով է իրեն օգնել գործարարը:
Նալբանդյանը մասնավորապես ասել է.
«Պարոն Թաթուլյանը, այո, եղել է նախարարի խորհրդական՝ 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջ: Եվ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»:
Հիշեցնենք, Սոչիից բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում Ռուբեն Թաթուլյանը նշել էր, որ ինքը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, ունի դիվանագիտական անձնագիր և տեղաշարժվում է դիվանագիտական համարանիշներ ունեցող տրանսպորտային միջոցներով, քանի որ հանդիսանում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:
Ռուբեն Թաթուլյանի խոսքերով՝ դիվանագիտական համարանիշներով մեքենաներն իրեն տրամադրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:
Հիշեցնենք, որ 2017թ.-ի վերջին հայկական լրատվամիջոցները դիմել էին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին՝ պարզելու համար, թե ինչպես և ինչու է Թաթուլյանը ստացել Հայաստանի դիվանագիտական անձնագիր, սակայն խոսնակը հրաժարվել էր պատասխանել՝ նշելով միայն, որ դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանին տրամադրվել է օրենքով սահմանված կարգով: