Նորություններ

Հայաստանի հույսը՝ ռուսաստանյան մատչելի զենքն ու Ռուսաստանի երաշխավորությունը

Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով Ադրբեջանին ռուսաստանյան զենքի մատակարարումների մասին՝ Նալբանդյանն ասել է, որ մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանություններն անդրադարձել են այդ փաստին, և կարիք չկա կրկնվելու:

Հիշեցնենք, որ վերջերս զենքի հերթական խմբաքանակը ձեռք բերեց Ադրբեջանը, ապա հաղորդագրություն տարածվեց, որ ռուսաստանյան զենքը հաջողությամբ կիրառել է Ադրբեջանը՝ 2016-ի ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ:

Նալբանդյանն ասում է, թե հայտնի է՝ ինչ պատճառներով է հատուկ շեշտադրումներով թեման շահարկում Բաքվի քարոզչամեքենան:

«Մեկ բան ասեմ, որ Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի, ներառյալ նաև օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են մեր դաշնակցային հարաբերություններից Ռուսաստանի հետ՝ ավելի մատչելի գներով գնելով սպառազինություն:

Հիշատակեմ, որ 2010 թվականին ստորագրվեց, այսպես կոչված, 5-րդ արձանագրությունը՝ կից այն պայմանագրին, որը վերաբերում էր ռուսական բազայի ներկայությանը Հայաստանի տարածքում 1995 թվականի պայմանագրին: Այդ 5-րդ արձանագրությամբ որոշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթի մեջ, որոնք վերաբերում էին նրան, որ Հայաստանի զինված ուժերի հետ միասին Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել Հայաստանի անվտանգության դերակատարությունը և նաև պարտավորությունը՝ տրամադրել Հայաստանին զենք և սպառազինություն, ժամանակակից, այդ դրույթից բխող: Այսինքն, այն դրույթից, որ պետք է Հայաստանի զինված ուժերի հետ միասին երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Մի բան էլ ավելացնեմ. ակնհայտ է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի կայունության և անվտանգության պահպանման մեր տարածաշրջանում ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլ նաև այս տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունեցող երկիր»:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակն է դրված բանակցային սեղանին: Նալբանդյանը նշեց՝ եռանախագահող երկրները բազմիցս հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների, այն տարրերի հիման վրա, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն և մեկ փաթեթ: Սրանով հանդերձ պետք է նկատի ունենալ, որ փաթեթային հանգուցալուծումը ենթադրում է նաև փաթեթի փուլային կիրառում:

2018-ի գարունը, ՀՀ իշխանությունների հավաստմամբ, դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: Հարց հնչեց՝ ե՞րբ է այդ մասին հրապարակավ հայտարարվելու: Նալբանդյանը նշեց, թե Հայաստանը, 10 տարի առաջ նախաձեռնելով գործընթացը, հավատարիմ է եղել գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածություններին: Թուրքիան է, որ հրաժարվել է իրականացնել դրանք: Նալբանդյանը նշեց, որ հայտարարված ժամկետում իրենց դիրքորոշումը հայտնի կդարձնեն:

Back to top button