Նորություններ

Ժողովրդավարությունն աշխարհում և տարածաշրջանում 2017-ին՝ ըստ «Freedom House»-ի

Ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ «Ազատությունն աշխարհում 2018. ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը կրող զեկույցն իրենից ներկայացնում է ուսումնասիրություն՝ աշխարհի 195 երկրներում և 14 տարածքներում քաղաքացիական և քաղաքական ազատությունների իրավիճակի մասին, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանին և Արցախին վերաբերող հատվածներին մենք առավել մանրամասն արդեն անդրադարձել ենք:

Ըստ 2018թ. զեկույցի՝ աշխարհի մի շարք երկրներում 12 տարի անընդմեջ քաղաքացիական ու քաղաքական ազատություններն անկում են ապրում։ Ընդ որում, ժողովրդավարական արժեքները վտանգված են աշխարհի բոլոր տարածաշրջաններում:

Գերտերությունները

Զեկույցն արձանագրում է, որ անգամ ԱՄՆ-ն, որ տասնամյակներ շարունակ եղել է ժողովրդավարական արժեքների ջատագովն ու տարածողը ողջ աշխարհում, հրաժարվել է այդ դերից։ Ավելին՝ ԱՄՆ-ում նկատելի է քաղաքական ու քաղաքացիական ազատությունների անկում։

Ըստ «Freedom House»-ի՝ Ռուսաստանը և Չինաստանը ոչ միայն ճնշում են իրենց իսկ բնակչությանը, այլ նաև հակաժողովրդավարական գործունեություն են ծավալում իրենց սահմաններից դուրս։ Ըստ զեկույցի՝ Մոսկվան և Պեկինը ժողովրդավարությունը համարում են սպառնալիք իրենց բռնապետական ռեժիմների համար, ուստի շարունակում են հետևողականորեն պայքարել ժողովրդավարական ինստիտուտների և դրանց ջատագովների դեմ։

graphic_fh_1

Տարածաշրջանը

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան, ժողովրդավարական անկում ապրելով, «մասամբ ազատ» երկրների շարքից դասվել է «ոչ ազատ» երկրների շարքին։ Իրանը և Ադրբեջանը ևս «ոչ ազատ» երկրների շարքում են մնացել։ Վրաստանը և Հայաստանը «մասամբ ազատ» են, ընդ որում, Վրաստանում իրավիճակը զգալիորեն ավելի լավ է, քան Հայաստանում։ Այսպես, օրինակ, Վրաստանը 7 բալանոց գնահատման համակարգով (որտեղ 0-ն դրական ցուցանիշն է, իսկ 7-ը՝ բացասականը) ունի 3 միավոր, իսկ Հայաստանը՝ 4,5, այսինքն 1,5 միավորով ավելի ցածր, քան իր հյուսիսային հարևանը։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, բացի Ղրղզստանից և Հայաստանից, բոլորը «ոչ ազատ» երկրների շարքում են։ Ընդ որում, Ղազախստանը և Բելառուսն ունեն 6 միավոր, իսկ Ռուսաստանը՝ 6,5 միավոր, այսինքն հնարավոր ամենավատ ցուցանիշից՝ 7 միավորից կես միավորով քիչ։ Ղրղզստանն էլ իր հերթին Հայաստանից ավելի վատ իրավիճակում է գտնվում՝ իր 5 միավորով։

graphic_fh_2

Փաստորեն, Հայաստանն այս տարի ևս ԵԱՏՄ երկրների շարքում ամենաազատն է։ Այդուհանդերձ, Հայաստանի դեպքում ևս զեկույցը նշում է, որ 2017թ. ընտրությունների ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահում, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների և ընտրողներին ահաբեկելու դեպքեր։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Back to top button