ՆորություններՎճարովի

Օբյեկտիվորեն ունենք հետևյալը՝ կամ արմատական փոփոխություններ, կամ պետական անէացում. Արմեն Հովհաննիսյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ն էր, Ձեր բնորոշմամբ, 2017 թվականը: Քաղաքական, տնտեսական առումով ի՞նչ տվեց այն ՀՀ քաղաքացուն:

-Բավական ծանր տարի էր նույնիսկ 3-րդ հանրապետության պատմության ընդհանուր առմամբ դեպրեսիվ ֆոնին։ Սոցիալական, տնտեսական, կառուցվածքային անկումը զուգորդվում էր քաղբանտարկյալների խնդրի ծայրահեղ ընդլայնումով և սրացումով։ Անկախ ԵՄ հետ համագործակցության պայմանագրի ստորագրումից՝ Հայաստանի կախումը Ռուսաստանից հասավ անհավատալի գրոտեսկային չափերի և դրսևորումների։ Դրա հետ մեկտեղ սկսեց ձևավորվել նոր ընդդիմության ձևաչափի սաղմը, որը զարգացման դեպքում կարող է դերակատարություն ունենալ երկրի ազատագրման գործում։ Դրա հետ մեկտեղ ընտանիքներ կազմվեցին, երեխաներ լույս աշխարհ մտան, գրքեր գրվեցին… Կյանքը մեկ գույնով չի լինում, առավել ևս՝ սև կամ գորշ։

/LimiteText/

-Ինչպիսի՞ն էր 2017 թվականը ՀՀ իշխանությունների համար:

-Նախ հասկանանք, որ ՀՀ իշխանությունների համար հաջողությունը կապված է զուտ կերակրատաշտակը պահելու և դրանից օգտվելու հանգամանքից։ Դա է միակ չափանիշը։ Այդ առումով՝ գրանցվել են որոշ տակտիկական հաջողություններ ռազմավարական անորոշության խորացման և կերակրատաշտակի արագացված մաշեցման ֆոնին։ Թե դա որքանով է լավ կամ վատ, հարկ է հարցնել հասցեատերերին։ Օբյեկտիվորեն ունենք հետևյալը՝ կամ արմատական փոփոխություններ, կամ պետական անէացում։ «Արմյանսկայա օբլաստ Ռասիյսկոյ Ֆեդերացիի», ասենք… Ու այդ այլընտրանքն օրեցօր ավելի է սրվում ու անխուսափելի դառնում։

-Պարոն Հովհաննիսյան, Արցախի հարցի կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների աշխատանքը և գործելաոճը 2017-ին ինչպիսի՞ն էր:

-Ինչպես և նախորդ տարիներին՝ «կծախվեի, բայց հարմար գին տվող չկա»։ Դե ռուսների «նախաձեռնողականությունը» խրախուսելն էլ իր հերթին։ Հատուկ ուշադրություն եմ հրավիրում Արցախի հարցում հետևողական դիրքեր ունեցող անձանց անձնական բռնաճնշումների և մեկուսացման փաստի վրա։ Չեմ կարծում, որ դա պատահական է։

-Ինչպիսի՞ն է խոստանում լինել 2018 թվականը ՀՀ-ի համար: Ո՞րն է իշխանությունների ծրագիրը:

-Ինչ-որ չափով պատասխանեցի՝ մնալ, լափել, լեգալացվել, վերահաստատվել որպես ժառանգական իշխող դասակարգ։ Մնացածը տակտիկա է և բազմաթիվ գործոններից է կախված։ Համենայնդեպս, նոր սահմանադրական կաղապարը պիտի ստիպի էլ ավելի կուսակցականացնել կառավարումը, բարձրացնել ՀՀԿ-ի դերը։ Մնացածը նույնը՝ թալան, կեղծիք ու ամենօրյա վերապրելու ռեժիմ։

-Տնտեսական առումով ինչ-որ բան կփոխվի՞ ՀՀ-ում 2018-ին:

-Դե սա ամենականխատեսելին է ցավոք՝ անկում, միջոցների սարսափելի պակաս, Ռուսաստանի հետ գրկախառնված ապրելու հետևանքները, թանկացումներ, շարունակվող աղքատացում։ Արտաքին պարտքի սպասարկումը, կիսամեռ տնտեսությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սաստկացումն իրենցը կանեն։

-2018թ.-ի ապրիլին ՀՀ-ն կունենա նոր վարչապետ, հնարավո՞ր է վարչապետի նշանակումը փողոց դուրս բերի ՀՀ քաղաքացիներին:

-Հնարավոր է, բայց ոչ պարտադիր։ Հայաստանի հանրությունը դարձել է «ինքնին իր», և դրա դրսևորումները տարբեր պահերին դժվար կանխատեսելի են։ Համենայնդեպս, Սերժ Սարգսյան վարչապետ ունենալն այնքան էլ հանդարտեցնող չէ։ Իր «ձեռքբերումների» բեռով ավելի տրամաբանական կլիներ կամավոր արդարադատությանը հանձնվելը, ոչ թե ինքնավերարտադրման փորձերը։

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Ավելին
Back to top button