Միջազգային մամուլի տեսություն

Պուտինը միգուցե ավելի շատ խնդիրներ ունի, քան մենք կարծում ենք

«Արեւմտյան առաջնորդները կարող են միայն երազել Պուտինի վարկանիշի նման վարկանիշ ունենալու մասին, այնուամենայնիվ նա չի ցանկանում ստուգել այդ թվերն իրական մրցակցության միջոցով»,- ասվում է The Washington Post-ի հոդվածում, որը վերաբերում  է ՌԴ ԿԸՀ-ի կողմից Ալեքսեյ Նավալնիի՝ նախագահական ընտրություններին մասնակցությունը մերժելուն:

«2013թ.-ին առաջադրվելով Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին՝ Ալեքսեյ Նավալնին հավաքել էր 27 տոկոս ձայն, իսկ YouTube-ում նրա կողմից տեղադրված Դմիտրի Մեդվեդեւի դեմ փաստարկները դիտվել են 25,7 մլն անգամ: Բայց եւ այնպես, Մոսկվայում ընդունված է համարել, որ Պուտինը հեշտությամբ կհաղթի Նավալնիին»:

«Պուտինը նախընտրում  է անցկացնել «պոտյոմկինյան քվեարկություն», որտեղ նրա մրցակիցները լինելու են երկու մշտական թեկնածուները՝ կումունիստն ու ծայրահեղ ազգայնականը եւ Քսենյա Սոբչակը՝ 36-ամյա հեռուստաաստղը, ով ընտրություններն անվանել է «մեծ բյուջեով շոու»: Նավալնին բոյկոտի կոչ է արել, իսկ դա նշանակում է, որ Կրեմլի 70 տոկոսանոց քվեարկությունը կարող է անհասանելի լինել, եթե բացառենք խարդախությունը»:

«Ինչո՞վ կարելի է բացատրել Պուտինի կասկածելի մարտավարությունը: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նրա կողմից ստեղծված ավտորիտար վարչակարգը պահանջում է ոչ թե համոզիչ ժողովրդավարական հաղթանակ, այլ ուժի կործանարար ցուցադրություն: Հաղորդագրությունը պետք է լինի այն, որ այլընտրանք չկա»,- հայտնում է թերթը:

«Պուտինը  ձգտում է ստանալ ժողովրդի աջակցությունն ազգայնական արկածախնդրության ճանապարհով, սակայն այստեղ  իրավիճակը կարող է փակուղում հայտնվել: Ուկրաինայի Արեւելքում եւ Սիրիայում  հարմար պայմանավորվածություն ձեռք բերելու նրա փորձերը դժվարությամբ են առաջ ընթանում: Կարճ ասած, Պուտինը միգուցե Նավալնիից վախենալու ավելի շատ պատճառներ ունի»,- եզրափակում է The Washington Post-ը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button