ՆորություններՎճարովի

«Ժողովուրդը չի համակերպվելու այն համակարգին, որն իր վզին փաթաթվել է»

«Մեծագույն սուտ է ասվել, ու դա կեղծիք է, քանի որ ամենագլխավոր, հիմնարար ազատությունը, որ տալիս է մեր Սահմանադրությունը, խաղաղ ճանապարհով, առանց որևէ հատուկ խոչընդոտների իշխանություն փոխելու իրավունքն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ս. Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ժողովրդի քաղաքական թիվ մեկ իրավունքը խաղաղ ճանապարհով իշխանություն փոխելու իրավունքն է: Պետական որևէ մարմին չի կարող խոչընդոտել այդ իրավունքին և կանխել այդ իրավունքն իրականացնելու հնարավորությունը: Սակայն միաժամանակ նշում է՝ այդ ամենն ուղղակի թղթի վրա գրված խոսքեր են, իրականությունը պետք չէ շփոթել իշխանությունների կողմից գրված թղթերի բովանդակության հետ:

/LimiteText/

«Ամբողջ երրորդ հանրապետության պատմությունը, եւ վերջին 10 տարիներին առավել ևս, պետության պայքարն է իշխանությունը սեփականաշնորհած խմբավորման, թիմի պայքարն է մեր այդ իրավունքի իրականացման դեմ, այսինքն, որպեսզի մենք խաղաղ, օրինական ճանապարհով չկարողանանք կազմակերպել ու փոխել մեր իշխանությունը, ու այն, որ երբեք խաղաղ, օրինական ընտրական ճանապարհով իշխանափոխություն չի եղել ՀՀ-ում: Դա ամեն ինչ շատ լավ ապացուցում է, երբ որ մարդուց այդ իրավունքը խլվում է, մնացած բոլորը գունավոր թղթեր են: Մտածում եք, որ ՀՀԿ-ն ու Ս. Սարգսյանը որ տոտալիտար պետություն ստեղծելու հնարավորություն ունենային, չէին անելո՞ւ, չունեն այդ հնարավորությունը, բայց մեզ վրա ուզում են իրենց տկարությունը ծախեն, ասեն՝ դե տոտալիտար չէ, մեզ կարող եք քննադատել, այ Արմեն Հովհաննիսյանը հարցազրույց է տալիս, ում մասին ինչ ուզում ասում է»,- նշում է Արմեն Հովհաննիսյանը:

Իսկ այդ ամենը չի արվում, ըստ Հովհաննիսյանի, շատ պարզ պատճառով. Արևմուտքից ֆինանսական կախվածությունն առայժմ ՀՀ իշխանություններին թույլ չի տալիս նման քաղաքականություն իրականացնել.

Արմեն Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյան

«Քանի որ տոտալիտար երկիրն իր քաղաքացիներին նախ պետք է կաշառի, հետո նոր ճնշի, երկրորդը՝ դու չունես էն հնարավորությունը, որ պահես երեք անգամ ավելի շատ ոստիկան կամ հատուկ ծառայության աշխատող, քան ունես, առանց էն էլ չափից շատ ես պահում, դրա համար մեր տարեկան արտաքին պարտքն ամեն տարվա վրա 1 միլիարդով շատ է: Հիմնարար ազատությունը՝ փոխելու իշխանություն, դա չկա, և երկրորդ, եթե նույնիսկ թույլ տալիս են համեմատաբար ազատ արտահայտվելու, դա բխում է Արևմուտքից ֆինանսական դոտացիաների կախվածությունից, ստիպված են անում, որ Արևմուտքն իրենց պարտքեր տա, վարկեր տա, գրանտներ տա, ու հետո՝ չունեն հնարավորություն պահելու իսկապես կատարյալ տոտալիտար պետություն, որ 2 միլիոն քաղաքացու օձիքից բռնած կարողանան պահել և չթողնել խոսել, արտահայտվել»,- ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամը:

Ինչ վերաբերում է Սարգսյանի հայտարարության այն հատվածին, թե ՀՀ-ում զենքով ու բռնությամբ որևէ հարց չի լուծվելու, և որ նման «արկածախնդրություն» փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ երկրի պետականության հիմքերն են խարխլում, ապա Ա. Հովհաննիսյանը նշեց, թե եթե ժողովուրդը զրկվում է իր հիմնարար իրավունքից, ապա դրան տալիս է համապատասխան ռեակցիա. «Մի մասը տալիս է ռեակցիա, որ ես դրա դեմ պետք է ապստամբեմ, ու նրանք ամենապատասխանատու մարդիկ են, դա նշանակում է, որ այդ մարդիկ այդ իրողությանը, որ 20-ից ավելի տարիներ տևում է, իրենց պատասխանն այդպես են տալիս: Մենք կարող ենք քննարկել՝ Պողոսյան Պողոսը հարմար գտնում է ապստամբել կամ ապստամբությանը մասնակցել, բայց ասել, որ այդ մարդիկ չունեն այդ իրավունքը, դա բացարձակապես անընդունելի է: Այդպես չի լինելու, հայ ժողովուրդը չի համակերպվելու այն քաղաքական, սոցիալ-տնտեսական հարաբերություններին ու այն համակարգին, որն իր վզին փաթաթվել է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իշխանություններն ամեն ինչ չեն անում 2018-ի փոփոխություններին անցնցում հասնելու համար, ապա Արմեն Հովհաննիսյանը նշեց.

«Հասարակ մարդը, որը հացի խնդիր ունի և չգիտի՝ իր երեխան կարագ կամ միս կուտի, թե ոչ, այդ մարդկանց հետ հարցն ինչպե՞ս են լուծելու, կեղծ տեքստերով, իրենք իրենց համոզելով ոչինչ չեն անի: Հարցը կայանում է՝ քաղաքական լուրջ փոփոխություններ անել քաղաքականության մեջ: Հավատո՞ւմ եք, որ Ս. Սարգսյանն ի վիճակի է լուրջ, հիմնարար ձևով փոխելու իր քաղաքականությունը դեպի լավը, դեպի վատը կարող է: Ես չեմ հավատում, եթե կարող են համոզել ու դրան հասարակությունը հավատա, դա այլ խնդիր է, բայց դեռ չի ստացվում»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան

 

Ավելին
Back to top button