Միջազգային մամուլի տեսություն

Պատերազմ չորս ճակատով. Պորոշենկոն չի հասցնում

«Ուկրաինայում Արեւելյան ճակատը միակ առճակատման հանգույցը չէ, որի կենտրոնում հայտնվել է նախագահ Պորոշենկոն: Կան առնվազն եւս երեք առճակատման գծեր, որտեղ ներգրավված է Պետրո Ալեքսեեւիչը»,-գրում է ուկրաինական Корреспондент հանդեսը:

«Այսպես, Ուկրաինայի նախագահի երկրորդ շատ լուրջ հակառակորդի դերում են անհնազանդ օլիգարխները: Նրանց թվում, իհարկե, առաջին հերթին պետք է նշել «Պրիվատ» խմբի առաջնորդ Իգոր Կոլոմոյսկիին: Խմբից խլելով նրանց բանկը՝ Պորոշենկոն չհանգստացավ: Հիմա Լոնդոնի դատարանն ազգայնացված «Պրիվատ-բանկի» հայտի հիման վրա արգելանք է դրել Իգոր Կոլոմոյսկիի եւ Գենադի Բոգոլյուբովի 2,5 մլրդ դոլարի չափով ակտիվների վրա: Այսպիսով, եթե դատավճիռը կայացվի «Պրիվատ-բանկի» օգտին, ապա իշխանությունն, ըստ էության, Կոլոմոյսկիից կխլի ամեն ինչ»:

«Դժվար չէ ենթադրել, որ նման իրավիճակում «Պրիվատ» խմբին ոչինչ չի մնում, քան աջակցել այն ուժերին, որոնք սասանում են երկրի կայունությունը՝ գործելով Պորոշենկոյի դեմ, մասնավորապես, Սաակաշվիլիին, իրենց հայրենակցուհի Տիմոշենկոյին եւ այլոց: Սակայն Կոլոմոյսկին միակ օլիգարխը չէ, որի շահերն իշխանությունը ոտնահարեց: Այսպես, օրերս Ռինատ Ախմետովից խլեցին «Ուկրտելեկոմը»: Եվ եթե նախկինում շատերը պնդում էին, որ Պորոշենկոյի եւ Ախմետովի միջեւ բավականին ջերմ փոխհարաբերություններ են, ապա հիմա այդ հարաբերություններն աստիճանաբար սառչում են»:

«Պետրո Ալեքսեեւիչի հաջորդ ճակատն արեւմտյանն է: Այստեղ մեր «առանցքային թշնամին» «չարակամ» ԱՄՀ-ն է, որը պահանջում է բարեփոխումներ եւ սակագների բարձրացում, ինչպես նաեւ աջակցում է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին՝ կոռուպցիայի դեմ պայքարի դժվարին փորձերում: Հիմա հայտնվել է եւս մեկ թշնամի՝ Թրամփը, ում հաստատ դուր չի գա այն, որ Ուկրաինան չաջակցեց ԱՄՆ-ի՝ Երուսաղեմի հետ կապված դիրքորոշմանը ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ: Թրամփը նաեւ վախեցրեց. «Մենք նրանց բոլորին կհիշենք»: Բացի այդ, ամպեր են կուտակվում նաեւ առանց մուտքի վիզայի ծրագրի վրա. ԵՄ-ն ավելի ու ավելի շատ պահանջներ է ներկայացնում: Կարող են նաեւ չեղարկել»,-նշվում է հոդվածում:

«Պորոշենկոյի պատերազմի ամենավերջին, գլխավոր ճակատը սեփական ժողովրդի հետ է: Այսօր նախագահին աջակցում է բնակչության 4 տոկոսը, իսկ 54 տոկոսը կողմ է Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Հոգնել են մարդիկ «նոր կյանքով ապրելու» չիրականացված խոստումներից: Իսկ այստեղ, հակառակի պես, առաջ է եկել «քաղաքական գաստարբայթերների» մի խումբ, որը մակաբուծում է հասարակության դժգոհության վրա եւ պատրաստ է իրականացնել «Աջարական հեղափոխություն»»:

«Իսկ Պորոշենկոյի ամենագլխավոր թշնամին ժամանակն է, որը մինչեւ ընտրություններն օր-օրի քչանում է»,- եզրափակում է ուկրաինական շաբաթաթերթը:

Աղբյուր՝ Корреспондент

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button
Close