Բռնությանը բռնությամբ պետք է պատասխանել. Ա. Ենիգոմշյանը Սարգսյանին հիշեցնում է, որ բռնությամբ է զավթել իշխանությունը

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:
-Պարոն Ենիգոմշյան, Ազգային անվտանգության ծառայությունում ելույթ ունենալով՝ Ս. Սարգսյանը մի շարք հայտարարություններ արեց, այդ թվում շեշտելով, որ ՀՀ-ում զենքով ու բռնությամբ որևէ հարց չի լուծվելու, և որ նման «արկածախնդրություն» փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ երկրի պետականության հիմքերն են խարխլում: Այսինքն, Սարգսյանը հայտարարում է, որ դեմ են բռնությանը, ի՞նչ կասեք այս մասին:
-Այն, որ ՀՀ-ում բռնությամբ երբեք չի կարելի խնդիրներ լուծել, առաջինը իրենք գիտեն, որ, ցավոք, Հայաստանում միայն բռնությամբ է իշխանությունը հասել այդ դիրքերին, ու դա նոր չէ: Ինքը՝ Ս. Սարգսյանը, դրա շարունակողն է եղել, իրենից առաջ էլ է եղել, բայց իր մասնակցությամբ, միշտ էլ ՀՀ-ում իշխանությունը բռնությամբ է ձևավորվել, հետևաբար ինքը, հեգնանքով եմ ասում, որ ցավում եմ, բայց սխալվում է, և ցավոք նույն պատճառով, այն պատճառով, որ բռնազավթված է իշխանությունը, ու բացի այն, որ բռնությամբ են հասել դրան ու բռնությունն ի գործ դնելով՝ իրենք արգելում են հասարակությանը խաղաղ միջոցներով փոխել իրավիճակը: Այս պայմաններում իրենք հանրությանն այլընտրանք չեն թողնում, քան այդ բռնությանը բռնությամբ պատասխանել, քանի որ խաղաղ միջոցների առաջ իրենք ճանապարհները փակել են: Հետևաբար, եթե իրենք ուզում են, որ այսուհետ բռնություն չլինի, այսուհետ պետք է թույլ տան, որ հանրությունն իր ազատ կամքի արտահայտությամբ ձևավորի իշխանությունը, դա իրենցից է կախված՝ բռնությամբ կփոխվի վիճակը դեպի լավը, թե ոչ, հետևաբար հարցը և սլաքները բումերանգի նման իրեն են դառնում:
/LimiteText/
-Բայց Սարգսյանը շեշտում է, որ ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները:
-Ինչ վերաբերում է նրան, որ սահմանադրությունը բոլոր հնարավորությունները տալիս է, այո, թղթի վրա տալիս է, բայց միայն թղթի վրա: Թղթի վրա ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բայց մենք գիտենք, որ այդպես չէ, թղթի վրա սահմանադրությունը հնարավորություն տալիս է ամեն բանի, բայց մենք գիտենք, որ իրականում այդպես չէ, հետևաբար և Ս. Սարգսյանի խոսքերն օդի մեջ ասված խոսքեր են, ուրիշ ոչինչ:
-2018-ի զարգացումներին ընդառաջ Սարգսյանի նմանատիպ հայտարարություններն արդյոք փաստում են այն մասին, որ համակարգն ինչ-որ վախեր ունի, մանավանդ որ «ահաբեկիչների» են փնտրում վիրտուալ տիրույթում:
-Իշխանությունները վախեր ունեն, միշտ ունեն, ոչ միայն 2018-ի իրենց մշակած ու իրենց կեղծիքներով անցկացրած սահմանադրությամբ պայմանավորված կառավարման համակարգի փոփոխմամբ. այսինքն վարչապետի նշանակում և այլն, ընդհանրապես ունեն վախեր, քանի որ ինքը կեղծիքներով ու բռնությամբ ձևավորված իշխանություն է, որը հենվել է արտաքին ուժերի վրա, հետևաբար թե որքանով արտաքին ուժերը կշարունակեն վստահել, այդ առումով էլ իրենց մոտ անորոշություն կա, հետևաբար վախեր կան: Ինչ վերաբերում է վիրտուալ ահաբեկչությանը, որի մասին բավականաչափ խոսվեց, նման «բացահայտումներ» անելով էլ երևում է, որ այդ վախի մթնոլորտն իրենք ունեն: Երկրորդ՝ անընդհատ նման հարցեր «բացահայտելով» փորձում են արդարացնել ոստիկանական մեթոդները և հետապնդումները, դրանով իրենք ուզում են փորձել արդարացնել իրենց ոստիկանական համակարգը, այսինքն և վախ ունեն, և դա պատրվակ է իրենց այդ ոստիկանական գործարքները շարունակելու համար:
-Սերժ Սարգսյանն առանձնակի անդրադարձել է հուլիսյան դեպքերին ու շեշտել, թե նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Սա չի՞ խոսում այն մասին, որ ցանկացած բողոքի ալիքի դեպքում իշխանությունն ինքն է բռնության դիմելու:
-Այստեղ իր ասած «առանձին խմբեր» արտահայտության վրա չեմ ուզում ծավալվել, դա նշանակում է իր ծուղակն ընկնել, մենք գիտենք, որ երբ անցյալ տարի Սասնա ծռերն իրենց ապստամբական գործողության գնացին, ժողովրդի մեջ ինչպիսի տրամադրություն էր տիրում, ինչպիսի ատելություն կար իշխանության նկատմամբ, թեկուզ և մի հատված ժողովրդի ակտիվ, մի հատված պասիվ, բայց ակնհայտ էր ամեն բան: Վերջերս նաև հարցախույզ է արվել հասարակական կարծիքի, ու չնայած ժամանակի գործոնին, չնայած ամբողջ համակարգի վերահսկողությանը, Սասնա ծռերը բարձր վարկանիշ ունեն ժողովրդի, քաղաքացիների շրջանում, նրանք աջակցում են ծռերին: Բայց գիտեք, այս ամեն ինչով հանդերձ ես չեմ ասում, որ Ս. Սարգսյանի այն պաշտոնը, որը որ ինքը բռնությամբ զբաղեցնում է, այն դիրքը, որը որ զբաղեցնում է բռնությամբ, պետք է կարևորություն տալ, չենք կարող անտեսել իր ասածները, բայց իր ասած ամեն բան շատ է արժեզրկվել, քանի որ իր ասածների, խոստումների քանի տոկոսն է իսկապես իրագործվել, երևի ոչ 10 տոկոսից ավելին, իր խոսքի արժեքն այնքան է նվազել, որ իսկապես, չնայած մենք իրավունք չունենք անտեսել ոչ թե իր անձից ելնելով, այլ բացառապես իր զբաղեցրած դիրքից ելնելով, այնուամենայնիվ, իր խոսքերը բացառապես խոսքեր են, դրանց պետք չէ կարևորություն տալ:
Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի