Միջազգային

Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա ժամանակակից պաշտպանական միջոցներ

Վաշինգտոնը որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել ժամանակակից պաշտպանական միջոցներ իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:

«ԱՄՆ-ն որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել ուժեղացված պաշտպանական միջոցներ: Մեր օգնությունը կրում է բացառապես պաշտպանական բնույթ: Մենք միշտ կրկնում ենք, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է եւ իրեն պաշտպանելու իրավունք ունի»,-ասել է Նաուերթը:

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Մինսկի համաձայնագրին, ինչը հնարավորություն է տալիս կարգավորել հակամարտությունն Ուկրաինայի հարավ-արևելքում:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանության է արժանացրել նաեւ Ուկրաինային «մահաբեր զենքի»՝ այդ թվում Javelin տիպի հակատանկային հրթիռների տրամադրման որոշումը:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close