Մեր բրեժնևը զգում է՝ երկիրը կործանվում է. այն վերածվել է Սերժ Սարգսյան՝ մեկ դերասանի թատրոնի
ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:
-Պարոն Աղայան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում: Մի կողմից Ս. Սարգսյանն առիթը բաց չի թողնում հրապարակային ժողովրդահաճո հայտարարություններ անելու, մյուս կողմից՝ իշխանությունը շատ զգույշ է և «ահաբեկիչներ է» փնտրում: Ընդդիմադիր ուժերն էլ կարծես իրարից անջատ փոքրիկ-փոքրիկ նախաձեռնություններով են հանդես գալիս: Ի՞նչ է տեղի ունենում, և ի՞նչ է սպասվում մեզ:
-Ոչ մի քաղաքական զարգացում էլ տեղի չի ունենում։ Ընդդիմությունը փաստացի ոչնչացված է։ ԱԺ-ից դուրս մնացած անպիտան կուսակցությունները շուտով կմոռացվեն, նորերի ստեղծման իմաստն էլ կարծես չկա։ Ուժային պայքարի բոլոր կողմնակիցները շատ արագ հայտնվում են բանտերում։ ԱԺ սողոսկած «Ելք»-ականները հեղինակազրկվում են և կտրվում ժողովրդից։ Այս պայմաններում քաղաքական դաշտի մասին խոսելն ավելորդ է։ Այն վաղուց վերածվել է Սերժ Սարգսյան՝ մեկ դերասանի թատրոնի, որի հանդիսատեսը, սակայն, լքում է սրահը, ով էլ դեռ չի լքել, վաղուց բեմին չի նայում։
Սա բոլորովին էլ մեր երկրում իշխանությունը զավթած անձի ուժի կամ հանճարի դրսևորում չէ։ Կարճ ժամանակում նման արդյունքի կարող է հասնել աշխարհի որևէ կառավարություն։ Բայց խելոք և պատասխանատու կառավարությունները հասկանում են, որ դրանով ոչնչացնում են երկիրը։ Մեր բրեժնևը նույնպես զգում է, որ երկիրը կործանվում է, բայց նա ժողովրդահաճո լինելու կարիք չունի։ Ավելի շուտ նա փորձում է ինքն իրեն համոզել, թե դա այդպես չէ, երկիրը չի կործանվում, կամ եթե դա այդպես է, ապա իր մեղքով չէ։
/LimiteText/
-Վերլուծաբաններն անընդհատ ասում են, որ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչությամբ է զբաղված: Ձեր կարծիքով ո՞րն է իմաստը, ինչո՞ւ է Ս. Սարգսյանը փորձում հաճոյանալ ժողովրդին: Նրա ուղերձներն այլ ուղղությո՞ւն ունեն, թե՞, այնուամենայնիվ, կա վախ կորցնելու իշխանությունը:
-Չեմ կարծում, թե նախընտրական քարոզչություն է։ Բրեժնևները նման քարոզչության կարիք չունեն, բայց պետք է մինչև վերջ խաղան իրենց ողորմելի դերը, մինչև վերջ պետք է արտասանեն իրենց դատարկ ու ստերով լեցուն ճառերը, քանի որ այդ ճառերի միակ այլընտրանքը մահն է՝ ֆիզիկական կամ քաղաքական։ Բայց հնարավոր է, որ այդ բրեժնևյան ճառերում նաև մերձավոր շրջապատին հասցեագրված ինչ-որ ուղերձներ կան, բայց դրանք ո՞ւմ են հետաքրքիր, գոնե ինձ հետաքրքիր չեն։
-Պարոն Աղայան, երբ Սերժ Սարգսյանն արդեն հստակ հայտ ներկայացնի վարչապետության պաշտոնը ստանձնելու, ի՞նչ եք կարծում, դա սահուն ընթացք կունենա՞, թե՞ հնարավոր են, այնուամենայնիվ, ինչ-ինչ զարգացումներ:
-Դե դա պետք է հարցնել նրանց, ում որ Սերժը խոստացել է հանձնել այդ պաշտոնը՝ ինչ-ինչ ներդրումների դիմաց։ Նման պահերին իշխող վերնախավում չարդարացված հույսեր և խաբվածներ միշտ էլ լինում են, բայց բոլոր զարգացումները կմնան պալատական պատերից ներս։ Իսկ այդ առիթով ժողովրդական հուզումները, թերևս, բացառված են։ Չնայած առանձին ընդդիմադիր շրջանակներ դրա հետ որոշ հույս են կապում, ինչպես խեղդվողը փրփուրի հետ։ Խոշոր հաշվով, հայության համար միևնույն է, թե ով է յուրացրել իշխանությունը, ով է իրեն թալանում ու վաճառում երկրի ինքնիշխանությունը։ Քանի դեռ ժողովուրդը չի ընտրել իր իրական առաջնորդներին, ոչ մեկի հետևից էլ չի գնա։
-Եթե ոչ քաղաքական, ապա սոցիալական բռնկումների հնարավորությունը պետք է որ տրամաբանական լիներ: Մեզ մոտ դեռ չե՞նք հասել վտանգավոր իրավիճակի, թե՞ ինչ էլ որ լինի, մեր հասարակության որակն է այնպես, որ սոցիալական պայթյուն տեղի չի ունենա:
-Ինչի՞ հիման վրա ենք պնդում, թե տնտեսական վիճակի վատթարացումը, համատարած անարդարությունն ինքնին պետք է հանգեցնեն սոցիալական բռնկման։ Սոցիալական բռնկումները նույնպես կազմակերպվելու կարիք ունեն։ Իսկ կազմակերպվել նշանակում է ունենալ բավարար գիտակցություն, ժողովրդավարական մշակույթ, անդամավճարներով ֆինանսավորել կազմակերպական գործունեությունը։ Ծայրահեղ աղքատության հասած մարդիկ սովորաբար դա չեն ունենում և նույնիսկ հակառակը՝ կարևորում են ֆեոդալից իրենց կախվածությունը ու վախենում են դրանից զրկվել։ «Էլեկտրիկ Երևանը» շատերն ընկալեցին որպես սոցիալական բռնկում, բայց այդ ժամանակ ձերբակալվածների մեծ մասը բարձր աշխատավարձ ստացող մարդիկ էին, որոնց համար ամսական 1000 դրամ ավել տալը խնդիր չէր։ Այլ կերպ ասած, այդ ակտիվիստները նույնպես հույսը կապում էին սոցիալական բռնկման հետ, բայց իրականում քաղաքական նպատակ էին հետապնդում։ Անարդարության դեմ արդյունավետ կարող է հանդես գալ միայն այն միջին խավը, որն ունի անկախ եկամուտ և չի վախենում այն կորցնելուց։ Մեզանում այդ միջին խավը բավականին պակասել է և, ցավոք, դեռ շատ հեռու է ժողովրդավարական մշակույթից։ Հակառակ դեպքում նա, անարդարությունների ֆոնին, սոցիալական բռնկում չէր կազմակերպի, այլ քաղաքական պայքարի ինստիտուտ։
-Ինչո՞վ է բացատրվում իշխանությունների զգուշությունը՝ անդադար «ահաբեկիչներ» փնտրելու: Իրավիճա՞կն է այդպես թելադրում, թե՞ իշխանությունների համար ևս ընկալելի է, որ հայ իրականության մեջ մյուս եղանակներով՝ քաղաքական ճանապարհով, փոփոխություններն անհեռանկարային են:
-Այո, քաղաքական պայքարն անիմաստ դարձրեցին, մի կողմից, իշխող վերնախավը, մյուս կողմից, քաղաքական լուրջ պայքարին անպատրաստ ու այդ պատճառով ձախողված ընդդիմադիրները։ Հիմա թե առաջիններին, թե երկրորդներին թվում է, թե միայն ուժային շարունակությունն է հնարավոր։ Բնականաբար առաջինների աչքին ամենուր ահաբեկիչներ են երևալու, իսկ երկրորդները դեռ որոշ ժամանակ կշարունակեն իրենց հերոսական անձնազոհությունը, մինչև վերջնական ինքնաոչնչացում։
Ուժային պայքարի կողմնակիցները, վկայակոչելով կեղծվող ընտրությունները, միշտ հայտարարել են, որ քաղաքական պայքարով փոփոխությունների հասնել հնարավոր չէ, քաղաքական պայքարը պիտակում էին որպես ապօրինի իշխանությունների լեգիտիմացում, խաղ նրանց դաշտում և նրանց կանոններով։ Բայց կյանքն ու հաջորդական դատավարություններն արդեն ապացուցում են, որ իշխանության դաշտում խաղը հենց ուժային պայքարն է։ Այդ խաղում ոստիկանական պետությունը մրցակից հաստատ չի կարող ունենալ։
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ է դեռ պետք, որպեսզի մարդիկ նորից պատրաստ լինեն քաղաքականապես կազմակերպվելուն և իրական քաղաքական այլընտրանք ձևավորելուն։ Հուսով եմ, որ դա շատ չի ուշանա։
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի