ՄեկնաբանությունՆորություններՎճարովի

Մեր ցավը ձեր ցավը չէ, պարոնա՛յք

«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժն ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես, օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակն ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանո՞ւմ եք, պետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու, և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»:

Այս մտքի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Նա, ով համարվում է Հայաստանի ղեկավար, ով պետք է հանդիսանար հայ ժողովրդի առաջնորդ, առաջնորդ մի ազգի, որն աշխարհում ճանաչված է որպես ամենաաշխատասեր ու ստեղծարար, տաղանդավոր, բառի իսկական իմաստով, քարից «հաց քամող»: Տպավորություն է ստեղծվում, որ հայ ժողովրդի մասին կարծիք հայտնողը ոչ թե ազգի ղեկավարն է, այլ մեկը, ով չի ճանաչում իր ժողովրդին, չգիտի հայ ազգի աշխատասիրության, արարելու և իր հողին կառչած լինելու մասին:

Վատ ենք ապրելու, որովհետև «չենք աշխատո՞ւմ»

Ժամանակին ՀՀ նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ասաց. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ»: Սակայն տարիներն ապացուցեցին՝ Սերգոն՝ հեռուստահաղորդավար Սերգո Երիցյանը, լավ է ապրում, իսկ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Հիմա երկրի մյուս ղեկավարն է ասում՝ վատ եք ապրում, որովհետև քիչ եք աշխատում:

/LimiteText/

Հետաքրքիր է, աֆորիզմ դարձած արտահայտության հեղինակը լավ է ապրում, որովհետև շա՞տ է աշխատում, թե՞ վատ է ապրում, որովհետև քիչ է աշխատում: Պատասխանը տալիս է երկրի տնտեսական վիճակը, քրեաօլիգարխիկ համակարգը, քաղաքական բարքերը, սոցիալական արդարության իսպառ բացակայությունը, կոռուպցիայի աննախադեպ աճը, շուրջ 1 մլն աղքատ բնակչության առկայությունը: Չգիտես ինչու, այս ամենի մեղավորը խոշորացված համայնքի իբր քիչ աշխատող գյուղացին է, ով «ճռռում է» վարկային բեռի տակ, որովհետև չի կարող իր բերքի «ղադրը» զգալ, չի կարող «դուրս բերել» մթերված բերքի գումարը հանկարծ հարստացած ու, նկատեք, հեչ էլ շատ չաշխատած օլիգարխի գրպանից: Մեղավորը գյուղացին է, ում ստացած բերքը «ռեկետային» գներով տանում է օլիգարխը: Մի հարցում, սակայն, գյուղացին հաստատ մեղավոր է. այս ամենին նա դեռ դիմանում է:

Հայաստանում, կարծես, ավանդույթ է դարձել համագյուղական խմբեր ստեղծել ու գնալ արտագնա աշխատանքի: Ամիսներ շարունակ գյուղերի մեծ մասը դատարկ է: Գյուղի տղամարդիկ դարձել են աշխարհի քաղաքացի՝ կոսմոպոլիտ: Գնում են քարտեզի վրայի ամենաչերևացող, ասեղի քթի տակ կորչող քաղաքներ ու գյուղեր, որ գումար հայթայթեն՝ հայրենիքում կուտակած վարկերն ու պարտքերը փակելու համար: Ով կարողանում է, գնում է, ով չի կարող, մնում է հայրենիքում՝ սովի ճիրաններում՝ դառնալով երկրի ղեկավարի կշտամբանքի թիրախը:

Շա՞տ են աշխատում մեր երկրում լավ ապրողները, հայտնի փայ մտնողներն ու «արագաչափերի արքաները»: Շա՞տ են աշխատում ապրանքի գին թելադրողները, օրենքներ հնարողները, ժողովրդին առանց մսի, կաթի, կարագի ապրելու խորհուրդներ տվողները: Շա՞տ են աշխատում ԱԺ պատգամավորները, ոստիկաններն ու դատավորները, որ գյուղացու, բժշկի, ուսուցչի, ճարտարագետի, գիտնականի հարկերից բարձր աշխատավարձ, հետո էլ թոշակ են ստանում: Փորձված տառապանքիս արդյունքում տեսել եմ ոստիկանների, դատախազների և քննչական վարչության աշխատակիցների «լավ աշխատանքի» դիմաց բարձր վճարվող անգործությունը: Բայց չեմ տեսել շատ աշխատելու դիմաց լավ վճարվող մանկավարժի, ով դպրոցում օրական 5 ժամ, նույնքան էլ տանը տետրերի վրա աշխատելով՝ ստանում է 60.000 դրամ վճար: Աշխատում է անմնացորդ, լավ էլ ճաշակ ունի, բայց ոմանց տիկնանց նման չի կարող իրեն թույլ տալ բրենդային հագուստ պատվիրել կատալոգներից: Չեմ տեսել լավ ապրող բժշկի, ում գիշերային մեկ հերթապահությունը՝ իրականացրած ծանր վիրահատությամբ և անքուն անցկացրած գիշերով, կազմում է առավելագույնը 20.000 դրամ: Գիտնականը, ով միտք է արտադրում, փորձեր է անում կենդանիների վրա, որոնց ինքն է «որսում» աղբանոցներում, շատ է աշխատում, բայց լավ չի ապրում: Եվ, ուրեմն, պետք չէ «մուննաթ» գալ ազգի վրա ու կշտամբել մարդկանց իբր չաշխատելու համար:

Ցավոք, մեր երկրում աշխատանքով կարելի է միայն գոյություն պահպանել, ոչ թե ապրել: Դա ոչ թե գյուղացու աշխատանքի, այլ ձախողված կառավարման արդյունք է: Հայը Հայաստանում գործազուրկ է: Մինչդեռ հարկադրաբար դառնալով այլ երկրի քաղաքացի՝ իր աշխատանքով և ուշիմությամբ օտար հողում բարիք է ստեղծում: Օրվա իշխանությունների ապիկարության հետևանքով «երկիր ավետյացը» դարձել է «երկիր ավերված»:

 Համայնքապետերին «հանձնո՞ւմ» են

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»:

Սա նույնպես մեջբերում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանի ելույթից:

Փաստորեն, երկրի առաջին դեմքը չբացատրված, չհիմնավորված կերպով քողարկում է համայնքային բյուջեների թալանը համայնքապետերի կողմից: Տեսնում է պետական միջոցների յուրացումը և պարտակում է դրա հեղինակներին: Դա որակվում է որպես ներողամտություն, տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացման բաղադրիչ: Թերևս, այս «ներողամտությունն» է կայացրել «շատ համայնքապետերի» «թալանի ինստիտուտը»: Ինչո՞ւ միայն Նոր տարուց հետո որևէ մարզպետ չպետք է միջնորդի որևէ համայնքի ղեկավարի ներելու համար: Այսինքն՝ թույլատրված թալանի համար դեռ մի քանի շաբաթ էլ կա՞: Փաստորեն, երկրի ամենաժողովրդավարական ինստիտուտը համարվող տեղական ինքնակառավարման մարմինները զբաղված են «ափաշքյարա» փող «ուտելով», և ոչ մի «ուտող բերան» չի՞ բռնվում ծամելիս:

Ի՞նչ է փոխվում հիմա: Նոր սահմանադրությամբ իշխանության առաջին դեմքը չի ընտրվելու ժողովրդի ուղիղ ընտրության միջոցով: Ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Ասել է թե՝ տեղի ունենում դերերի և ռեսուրսների վերաբաշխում, որի պարագայում համայնքապետը դադարում է լինել ազդեցիկ դերակատար:

Սերժ Սարգսյանը, քննադատելով խոշորացված համայնքների ղեկավարներին, անընդունելի համարեց նոր համայնքապետերի կողմից իրականացվող «կադրային ջարդը»: Նույնիսկ իր փորձը մեջբերեց՝ նշելով. «Երբեք որևէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք և գնացեք, որովհետև ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել»: Իրոք, շատ ուսանելի օրինակ է: Սակայն, լինելով ՀՀԿ առաջնորդ, նա անտեսում, չլսելու և չտեսնելու էր տալիս, երբ 2012 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրու քաղաքապետը, հենց այդ նույն հիմնավորմամբ, հարկադրում էր աշխատանքից ազատման դիմում գրել նախկին աշխատակազմի, ընդ որում, ՀՀԿ-ական աշխատակիցներին:

Սերժ Սարգսյանը, սակայն, իրավացի է, երբ ասում է. «Գաղտնիք չէ, որ շատերը չեն կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցել՝ համարժեք համայնքային ենթակառուցվածքներ չունենալու, կամ որ շատ ավելի վատ է, ունենալու պարագայում՝ շահագործել չկարողանալու պատճառով»: Իրոք, գատնիք չէ: Բայց բոլորը դրա վրա տարիներ շարունակ աչք են փակում: Ո՞վ է տեսել տանիքաշինություն իրականացնել քանդված տնակների, գյումրեցու բառերով ասած, «հըլըզած» թիթեղներով: Այդպիսի «տանիքաշինությունը» Գյումրիում գովերգվում էր 2017թ. ՏԻՄ ընտրություններում՝ ՀՀԿ-ի սատարած թեկնածուի կողմից: Ստացվում է՝ բնակչի հարցը և խնդիրն այնքան ժամանակ է անտեսանելի, քանի դեռ չկա քաղաքական պրոֆիցիտի կուտակման անհրաժեշտությունը:

Իրոք, մեր ցավը ձեր ցավը չէ, պարոնա՛յք:

                                                                                  Լիլիթ Աղեկյան

 

Back to top button