Կոուտինյոյի տրանսֆերի համար «Բարսելոնան» 150 միլիոն եվրո է նախատեսել

Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» վերսկսելու է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության շուրջ աշխատանքները:
Կատալոնական ակումբը մտադիր է բրազիլացու համար 130 միլիոն եվրո առաջարկել, սակայն նախատեսել է, որ այդ գումարը կարող է հասնել 150 միլիոնի,- վստահեցնում է sport.es-ը: Աղբյուրը տեղեկությամբ այդ առաջարկը կգոհացնի մերսիսայդցիներին:
«Կապտանռնագույնները» 25-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը: Նրա աշխատավարձն առանց հարկերը վճարելու կազմելու է 14 միլիոն եվրո («մաքուր»` մոտ 7,5 միլիոն):
Այդ տրանսֆերը ձևակերպելու համար «բլաուգրանան» պետք է հրաժեշտ տա բարձր աշխատավարձ ստացող որոշ խաղացողներից: Մասնավորապես «Կամպ Նոուն» լքելու է Արդա Թուրանը, ով չի մտնում գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի ծրագրերի մեջ, սակայն տարեկան 8,5 միլիոն եվրո է ստանում:
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, ըստ որի Կոուտինյոն «Լիվերպուլի» հետ համաձայնեցրել է«Բարսելոնա» տեղափոխությունը: