Միջազգային

Նիկոպոլի դատարանում տուժածի հայրը 2 նռնակ է պայթեցրել, կան զոհեր եւ վիրավորներ

Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքի դատարանում նռնակների պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, հաղորդում է unian.net լրատվական գործակալությունը:

Դատարանում սպանության գործով լսումների ժամանակ տուժածի հայրը 2 նռնակ է գործի դրել: Տղամարդը տեղում մահացել է, իսկ 10 հոգու տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ ամբաստանյալներից մեկը մահացել է հիվանդանոցում:

Տուժածի հայրը նռնակը պայթեցրել է այն պահին, երբ հայտարարվել է դատը հետաձգելու մասին: Երեք ամբաստանյալներից բացի բեկորային վնասվածքներ են ստացել նաեւ պահակախմբային ծառայության 2 աշխատակից, դատարանի աշխատակիցն ու մեկ քաղաքացիական անձ:

Դատը եղել է 2016թ.-ի փետրվարին Նիկոպոլում տեղի ունեցած սպանության գործով: Այդ ժամանակ հանցագործներն ինքնաձիգով կրակահերթ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են 25-ամյա եւ 30-ամյա երիտասարդներ, ովքեր մահացել են: Դատարանում նռնակներ պայթեցնող տղամարդը նրանցից մեկի հայրն էր:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button