ԵՄ-ն հիշեցնում է Հայաստանում արվածն ու մատնանշում անելիքները մինչև 2020 թվականը. գնդակը Հայաստանի դաշտում է

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստան-ԵՄ երկկողմանի նոր համաձայնագրի ստորագրումը: ՀՀ իշխանությունները հավաստիացրել են՝ համաձայնագիրը ստորագրելու հարցում որևէ խոչընդոտ չկա: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հերթին պնդում են, որ չկա որևէ էական խնդիր, որը կարող է խանգարել փաստաթղթի ստորագրմանը: Ղարաբաղյան հակամարտության հարցում է միայն, որ դեռևս չհստակեցված ու մշուշոտ հարց կա՝ կապված համաձայնագրում առկա հակամարտությանն առնչվող տեքստի հետ, ինչի շուրջ առ այսօր բանակցությունները շարունակվում են: ԵՄ կողմը պնդում է, որ ձգտում են հանգել մի արդյունքի, որն ընդունելի կլինի ԵՄ անդամ երկրների համար: Այս մասին խոսեցին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն անդամ երկրների լրագրողների հետ կազմակերպված տեսակամուրջի շրջանակներում:
Իսկ մինչ կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը և պարզ կդառնա ՀՀ կողմի դիրքորոշումը, ԵՄ-ն հիշեցնում է՝ ինչ ծավալի աշխատանք է իրականացվել Հայաստանում և ինչ է նախատեսվում անել մինչև 2020 թվականը: Պարզ ասած՝ ինչից Հայաստանը կհրաժարվի, եթե հերթական անգամ ինչ-ինչ պատճառաբանությամբ չստորագրվի համաձայնագիրը:
Եվ այսպես, ԵՄ հրապարակած տեղեկությունների համաձայն, ԵՄ-ին է բաժին հասնում Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի մոտ 22%-ը:
ԵՄ-ն իր EU4Business նախաձեռնության միջոցով հայաստանյան ընկերություններին 2009թ.-ից ի վեր հատկացրել է 268 միլիարդ դրամ (473 մլն եվրո): Ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել 25000 ձեռնարկություն, ստեղծվել 900 նոր աշխատատեղ:
ԵՄ-ն շուրջ 7,5 մլն եվրո է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ընտրական օրենսդրության բարելավմանն աջակցելու նպատակով:
Կոռուպցիայի դեմ պայքարում ևս զգալի ներդրում է եղել. 14,8 միլիոն եվրո է ուղղվել կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանն ու մաքսային և սահմանային կառավարման բարեփոխումների աջակցությանը: Ծրագրերը կարելի է դեռ երկար թվարկել: Այլ հարց է, թե դրանք որքանով են ծառայել բուն նպատակին, եղե՞լ է արդյոք պատշաճ վերահսկողություն, գումարներն իշխանություններն ուղղել են բուն նպատակի՞ն, թե՞ որոշ շրջանակների հարստացմանը:
ԵՄ-ն մատնանշել է նաև 20 թիրախային արդյունքներ 2020թ.-ի համար: Միջանցիկ թիրախային արդյունքներն են՝ առավել ակտիվ փոխգործակցություն իրականացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, հասնել գենդերային հավասարության և ապախտրականության բարելավման և աջակցել բազմակարծությանն ու ԶԼՄ-ների անկախությանը:
Համագործակցությունն անդամ երկրների հետ հիմնված է լինելու հիշյալ գերակայությունների վրա.
Ավելի հզոր տնտեսություն. տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ
Ավելի ուժեղ կառավարում. ինստիտուցիոնալ հզորացում և լավ կառավարում
Ավելի ուժեղ միակցվածություն. փոխկապակցվածության ամրապնդում, հատկապես տրանսպորտային ևէներգետիկ ոլորտներում
Ավելի հզոր հասարակություն. շարժունակություն և մարդկանց միջև շփումներ
ԵՄ-ն նաև նշում է՝ 20 թիրախային արդյունքները 2020-ի համար լինելու են շոշափելի ՀՀ քաղաքացու համար: Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է:
Արմենուհի Վարդանյան