ՆորություններՎճարովի

«Գևորգի պարագայում անցած գիշերվա մասին ամբողջ ճշմարտությունն ասելն անվտանգ չէ». փաստաբան

«Ոչ թե սովորական ծեծ է եղել, այլ այնպիսի աղմուկ, որ այն ինչ-որ կերպ հասել է դիտորդական խմբին: Անգամ խցակիցներն են հասկացել, որ կարող է մարդասպանություն լինի»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով «Նոր Հայաստան» ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ գրանցված բռնություններին:

Սաֆարյանի նկատմամբ բռնություններն ու խոշտանգումը, ըստ փաստաբանի, իշխանությունների հատուկ ցուցումով է: Իսկ ամենավատն այն է, որ Գևորգը հազիվ թե ցանկանա խոսել կամ պատմել տեղի ունեցածն ամբողջությամբ, քանի որ կարող է ճշմարտությունը վտանգի սպառնալիք համարվել Սաֆարյանի կյանքի համար:

Ներկայացնում ենք փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ:

Պարոն Հայրապետյան, այսօր առավոտյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Ի՞նչ է հայտնի Ձեզ այդ մասին:

-Կարող եմ ենթադրել, որ այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել հատուկ ցուցումով, ու պատճառը Գևորգ Սաֆարյանի քաղաքական գործունեությունն է:

/LimiteText/

Գևորգ Սաֆարյանի դատական նիստում, որտեղ ինքը չի մասնակցում, նրան զրկել են գործի քննությանը մասնակցելուց, վերջին օրերին ցուցադրում են նրա հրապարակային ելույթները: Տեսանյութերը, որտեղ որ հստակ կերպով ներկայացվում է Սաֆարյանին որպես հայ երիտասարդի, թե ինչպիսի որակներ ունի, ինչ գործունեությամբ է զբաղվում, ինչ-որ մարդկանց դուր չեն եկել:

Ես կարծում եմ, որ փորձում են հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ այդ ելույթները նորից լսելուց հետո:

-Պարոն Հայրապետյան, ինքը Գևորգն ի՞նչ է ասում: Արդյոք այդ հրապարակային ելույթների պատճառով, որոնք ինչ-որ մարդկանց դուր չեն եկել, կազմակերպվել է նրա նկատմամբ հատուկ բռնություն ՔԿՀ-ում, թե՞ ուրիշ պատճառներ կան:

-Շատ հնարավոր է, որ չբացահայտվի, չպարզվի, թե ինչ է եղել, Գևորգը հնարավոր է, որ նաև չուզենա խոսել այդ մասին, որովհետև նրա պարագայում ճշմարտությունն ասելն անվնաս չէ: Այսինքն մենք մանրամասն ճշմարտությունը կիմանանք, երբ որ Գևորգը լինի ազատության մեջ: Պատճառը, ինձ թվում է, դա է:

-Հայտարարությունում ասվում էր, որ ծեծել են Գևորգին խցակիցները:

-Իմ ունեցած տեղեկություններով, ով ծեծել է նրան, Կարեն Պետրոսյան անունով մեկն է: Կարծեմ նա նմանատիպ էլի շատ ծառայություններ է մատուցել վարչակազմին: Այսինքն՝ ինքը վարչակազմի հրահանգով է նմանատիպ գործողություններ կատարում:

ՔԿՀ-ն հաղորդագրություն է հրապարակում, որ Գ. Սաֆարյանն ընկել է խցում և վնասվածք է ստացել: Այս դեպքում հարց է առաջանում. ինչպե՞ս եղավ, որ դիտորդական խումբը գիշերը ժամը 12-ին հանկարծ հայտնվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և ցանկացան տեսնել ընկնող մարդուն: Հետո ինչո՞ւ թույլ չտվեցին տեսակցել, կամ ինչո՞ւ առավոտ շուտ նույն դիտորդական խումբը գնաց և տեսավ Գևորգին խցում: Այդ պատահականությունները պետք է բացատրություն ունենան: Չնայած որ իրենք կարող են, սովոր են հեքիաթներով ինչ-որ բան կոծկել, բայց իրականությունն այլ է:

Այնպիսի աղմուկ է եղել, որ կողքի խցի կալանավորներն անհանգստացել են, հասկացել են, որ մարդասպանություն է լինելու, դա սովորական կռիվ չի եղել:

Իհարկե, եղածը բավարար է, որ Հատուկ քննչական ծառայությունը հենց հիմա քրեական գործ հարուցի և հետաքննի՝ ինչ աղմուկ-աղաղակ է եղել, քանի խցում է հիշյալ անձը եղել, մինչ այդ որ խցում է եղել, ինչի համար է դատապարտված եղել և իր հետ կապված նմանատիպ քանի միջադեպ է եղել:

Շատ ուրիշ բաներ կան նաև, որ հենց Գևորգի անվտանգության շահերից ելնելով նպատակահարմար չէ բարձրաձայնել:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button