Միջազգային մամուլի տեսություն

«Մահացիր, բայց ինձ համար որդի ծնիր». Tagesspiegel

«Երբ հայաստանցի զույգերը երեխայի են սպասում, նրանք հույս ունեն, որ անպայման տղա է ծնվելու: Հակառակ դեպքում շատ կանայք ապօրինի կերպով ընդհատում են հղիությունը, իսկ բժիշկները եւ դեղատներն օգնում են նրանց այդ հարցում»,- գերմանական Tagesspiegel թերթում գրում է Շահանե Խաչատրյանը՝ բարձրացնելով Հայաստանում հղիության անօրինական ընդհատումների եւ սեռային անհավասարության խնդիրները:

«Հայաստանում, որտեղ բնակվում են մոտ 3 մլն մարդ, ծնողները հաճախ ընդհատում են հղիությունը, երբ իմանում են, որ պտուղն իգական սեռի է: Անցանկալի աղջկանից ազատվում են հիվանդանոցում կամ տանը»,- ասվում է հոդվածում: Հեղինակը ներկայացնում է Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին զեկույցի տվյալները, համաձայն որոնց Հայաստանում ծնելիության գենդերային համամասնությունը համարվում է ամենաանբնականն աշխարհում: 144 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը Չինաստանից հետո:

«Որդիների հանդեպ սերը բնորոշ է նահապետական հիմքեր ունեցող հասարակությանը, որտեղ չափազանցված է տղամարդու դերը»,- նշում է Երեւանում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի անդամ Անուշ Պողոսյանը: «Հայ հասարակության համար որդին ընտանիքի իրավահաջորդն է, նա ստանում է հոր ազգանունը եւ ժառանգում է նրա ունեցվածքը: Աղջկան համարում են ինչ-որ օտար եւ անօգտակար անձ, քանի որ նա ցանկացած դեպքում լքելու է հայրական տունը, երբ որ ամուսնանա: Նրա ուսման ծախսերը ծնողները հոգս են համարում»,- ասում է Անուշը:

Նյութի հերոսուհիներից մեկը՝ Արեւիկ Մինասյանը, ստիպված է եղել հրաժարվել աղջիկ երեխա ունենալուց, քանի որ նա չէր ցանկանում խնդիրներ ունենալ ամուսնու հետ: «Նա այնքան զգուշությամբ է խոսում իր չծնված դստեր մասին, թվում է, թե նրա խոսքերը կարող են վիրավորել աղջկան»,- նկատում է լրագրողը: Հղիության ընդհատումից հետո Արեւիկի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, եւ նա այլեւս չի կարողանա երեխա ունենալ: «Այսօր ես ամաչում եմ, որ այն ժամանակ չպայքարեցի իմ չծնված երեխայի համար»,- նշում է կինը:

«Սեռային անհավասարությունը բնորոշ է ցածր եկամուտ եւ աղքատ բնակչություն ունեցող հասարակությանը,- նշում է Անուշ Պողոսյանը: -Տղամարդկանց այդ նույն աշխատանքի համար ավելի շատ են վարձատրում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում գործում է սեռերի հավասարության օրենքը, կանայք նախկինի նման ենթարկվում են խտրականության: Դուստր ունենալը ձեռնտու չէ նաեւ ֆինանսական առումով»:

«Վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ Հայաստանում սեռերի համամասնությունն առավել շատ դուրս է եկել հավասարակշռությունից 2000թ.-ից մինչեւ 2005թ. ընկած ժամանակահատվածում՝ 100 աղջիկ/120 տղա»,- հայտնում է թերթը:  

«Հայաստանում, ինչպես Գերմանիայում արգելված է ընդհատել հղիությունը հղիության 12 շաբաթից հետո: Այդ պատճառով կանայք փորձում են ինքնուրույն ընդհատել հղիությունը»: «Հիմնականում նման կերպ վարվում են գյուղաբնակ կանայք: Շատերը դրանից հետո այլեւս չեն կարողանում երեխա ունենալ կամ նույնիսկ մահանում են»,- նշում է Անուշ Պողոսյանը:

«Հղիության ընդհատման մեթոդներով կանայք կիսվում են Ֆեյսբուքի էջերում: Բացի այդ, կան բժիշկներ, ովքեր առանց հաշվառման ընդհատում են հղիությունն ազատ օրերին կամ երեկոյան 100-200 հազար դրամով»: «Նման բժիշկների հեռախոսահամարները հայտնի են գրեթե բոլոր հղի կանանց»,- հայտնում է Անուշ Պողոսյանը: Նրա կարծիքով, «որպեսզի նվազեցնեն հղիության ընդհատումների թիվը, որը պայմանավորված է սեռով, անհրաժեշտ է ամրապնդել կանանց դերը հասարակությունում»:

Եզրափակելով՝ հոդվածի հեղինակը գրում է, որ Հայաստանում արդեն նկատվում է հասարակական շարժում ընդդեմ սեռից կախված հղիությունների ընդհատման: Այսպես, Երեւանի գլխավոր փողոցներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում, որպես բողոքի նշան դրված են չծնված աղջիկների կոշիկներ: «Լիլիթ. ես չծնվեցի, քանի որ աղջիկ էի»,- գրված է կոշիկների կողքին դրված գրություններից մեկի վրա:

 

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button