ՆորություններՎճարովի

«Նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է մնալու»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 2017 թվականի բյուջեն անվանում է իրատեսական:

Ըստ նրա՝ կառավարությունը ներկայացրել է զուսպ եւ կոնսերվատիվ բյուջե:

«Ինչ-որ տեղ ես կանվանեի հակասոցիալական բյուջե: Եկամուտների մասով բավական ագրեսիվ, բավական հավակնոտ, սակայն տենդենցը, ձեւավորած թրենդը շարունակող բյուջե»,- նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշում է, որ չի հիշում կառավարություն, որը կներկայացնի ոչ իրատեսական բյուջե: 20 տարվա իշխանություն է, անընդհատ իբր նոր մարդիկ են գալիս, սակայն, ըստ էության, ոչինչ չի փոխվում, ասում է նա:

«Այսօր, չգիտես ինչու, խոսում են նոր փոփոխությունների մասին: Ես հայտարարում եմ, որ 2018 թվականի ապրիլ երեւույթ գոյություն չունի: Նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է մնալու:

/LimiteText/

Բագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյան

Թե առաջինն ով է լինելու, երկրորդը՝ ով, առաջինի անունը ինչ է լինելու՝ նախագահ, թե վարչապետ, ինձ շատ չի հետաքրքրում»,- հայտարարում է Բագրատ Ասատրյանը:

Զուտ մասնագիտական առումով նշում է, որ ֆինանսների նախարարությունն արել է հնարավորինը: Այն, որ բյուջեն հակասոցիալական է, ըստ տնտեսագետի, ստիպված են դրան գնացել:

«Կան իրողություններ, իրողություններից մեկը ռազմաքաղաքական իրավիճակն է: Պաշտպանության ոլորտում ծախսերի էական ավելացում կա, մոտ 1 տոկոս, պետական պարտքի սպասարկում՝ մոտ 1 տոկոս այստեղ ավելացում: Բյուջեն ձեւավորողները այ այսպիսի իրողությունների առաջ էին կանգնած: Գումարած՝ տնտեսական վիճակը, տնտեսությանը նպաստելու որոշակի ջանքեր, որի պարագայում տնտեսական ոլորտին ուղղվող ծախսերը զգալիորեն աճել են: Ինչի՞ հաշվին, այո՛, կրճատվել են սոցիալական ծախսերը, առողջապահությանն ուղղվող գումարները»:

Բագրատ Ասատրյանը նկատում է, որ պետական բյուջեի փաստաթղթում չկա մի տող, որը միտված է ահագնացող արտագաղթի խնդրի կարգավորմանը:

«Անգամ չկա այդ մտահոգությունը»,- ասում է նա:

Ատոմ Մարգարյան
Ատոմ Մարգարյան

«Կրթությունը եւ առողջապահությունը դրանք ավելացված արժեք ստեղծող ճյուղեր են: Ընդ որում, միջնաժամկետ: Այստեղ ես էլ քննադատեմ կառավարությանը: Թույլ է տրվել կոնցեպտուալ սխալ: Երբ հայտարարվում է, որ մենք կրճատելով կրթության եւ գիտության, նաեւ առողջապահության հատկացումները՝ կունենանք միջնաժամկետ տնտեսական աճ, դա մոլորություն է: Երբ որ խոսում է արտաքին ներդրումների ավելացման թեմայով, ներդրողները նայում են՝ արդյո՞ք այդ օրվա պատասխանատու իշխանությունը դրսեւորում է ռազմավարական վարքագիծ:

Այդ վարքագիծը երեւում է այս ոլորտների ներդրումներով: Եթե չկա դինամիկա, չկա աճ, ներդրողները վերապահ են, եւ հասարակությունը վերապահ է»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

«Այս իշխանությանը կիրթ մարդիկ պետք չեն: Պետք են մարդիկ, ովքեր գնան 10.000-ները ստանան եւ հլու-հնազանդ իրենց ձայն տան: Ես ուրիշ բան չեմ կարող տեսնել»,- անդրադառնալով կրթության ոլորտի հատկացումների նվազեցմանը՝ նշեց Բագրատ Ասատրյանը:

Արմենուհի Վարդանյան

Back to top button