Նորություններ

ՇՄ դաշնակցական մարզպետը վստահեցնում է, որ մարզում աղաղակող խախտումներ չկան, եթե լինեն, կհրավիրի իրավապահների ուշադրությունը

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, ՇՄ երեք խոշորացված համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ: Նկատում ենք, որ որոշ համայնքներում՝ տեղամասերի դիմաց կուտակումներ են, ներսում ևս: Խոսվում է նաև այն մասին, որ ընտրողներին բացահայտ ուղղորդում են, հորդորում քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Ընտրության ընթացքի վերաբերյալ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

-Մարզպետարանի ուղղակի գործառույթների մեջ չի մտնում ընտրությունների ոչ կազմակերպումը, ոչ որեվէ ձևով միջամտությունը, բայց իհարկե օպերատիվ իրավիճակին ծանոթ ենք: Որևէ լուրջ խախտումներ ինձ չի զեկուցվել: Ինչ-որ տեղ ասվել է, որ ընտրատեղամասերի շրջակայքերում կան խախտումներ, բայց շրջակայքում, ոչ բուն ընտրատեղամասում:

Դեռ որևէ օրենքի խախտման մասին ինձ չի զեկուցվել, ոչ էլ թեկնածուներից մեկն է ահազանգել, ոչ էլ իրավապահ մարմիններից որեվէ մեկն է խախտման մասին զեկուցել: Սովորական գործընթաց էՙ որն ամբողջ աշխարհում տեղի է ունենում: 1991 թվականից սկսած մեր մոտ էլ նույն խնդիրն է. տեղամասերից դուրս մարդիկ են հավաքված են, բայց սահմանափակում որ կա ընտրատեղամասում քանի հոգի պետք է լինի, քանի վստահված անձ, դիտորդ, այդ խախտումների մասին ինձ չի զեկուցվել:

-Վաղ առավոտից իրավիճակը լարված է հատկապես Ախուրյան համայնքում, որտեղ երկու թեկնածուների միջև ակտիվ պայքար է գնում: Թեկնածուներից մեկն էլ նույն կուսակցության անդամ է, ինչ Դուք: Արդյո՞ք մարզային իշխանությունները այս ընտրություններում մարզային կառույցի ռեսուրսները չեն օգտագործում:

-Մարզպետարանը ձեռնպահ է մնում որևէ կերպ միջամտելու որևէ մակարդակի ընտրությունների: Թեկնածուներից որևէ մեկի կողմից մարզպետարան որևէ բողոք չի եղել, չեմ լսել, չի ասվել, իրավապահ մարմիններից էլ չեմ լսել:

-Իսկ եթե լսեք ի՞նչ կանեք, ի՞նչ միջոցներ կձեռնարկեք:

-Միանշանակ գոնե իրավապահ մարմինների ուշադրությունը կհրավիրեմ, եթե լսեմ ընտրախախտումների մասին:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Ավելին
Back to top button
Close