ՆորություններՎճարովի

Հայաստանը լքող թոշակառուների թիվը եւս էականորեն աճել է. տնտեսագետի կանխատեսմամբ՝ երկրում սոցիալական բունտ կհասունանա

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել: Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկիրը լքել է 14 հազար 300 մարդ: Այս թվերը, սակայն, չեն խանգարում իշխանության ներկայացուցիչներին շարունակաբար հայտարարել, թե մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը կկազմի 4 միլիոն: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանը մտահոգիչ մեկ փաստ է առաջ քաշում: Սկսել են արտագաղթել նաև թոշակառուները:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանի հետ:

-Տիկին Մուրադյան, պաշտոնական տվյալները փաստում են, որ բնակչության թվաքանակի անկման տեմպերն արագացել են: Այս տարվա մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14 հազար 300-ով: Ս. Սարգսյանն ասում էր՝ մինչև 2040 թվականը բնակչության թիվը 4 միլիոնի կհասնի: Այս ամենն ինչի՞ մասին է խոսում:

— Ես պաշտոնական տվյալներին թերահավատորեն եմ վերաբերվում, այսինքն՝ նույնիսկ այդ տվյալները ես համարում եմ ոչ արժանահավատ, բայց նույնիսկ իշխանական ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերին մեր բնակչության թիվը եղել է 2 միլիոն 979,6 հազար, որը 14 հազար 300-ով պակաս է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի թվից: Անձամբ ես՝ որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, որ եթե հենց այս պահին ընտրություններ լինեն, նորից մեր թվերն աճ են ունենալու, ինչպես որ եղել է 1996 թվականից սկսած, քանի որ եթե մինչև 1996 թվականն օբյեկտիվորեն էին պակասում, ապա այնուհետև սկսեցին թիվ նկարել, որպեսզի ընտրության գնացածների թիվը համընկնի բնակչության թվի հետ, այսինքն, որ ճչացող տարբերություն չլինի: Որևէ թվի չհավատալով՝ զարմանում եմ նաև, որ նույն Ս. Սարգսյանը տեղավորվում է այդ թվերի մեջ ու ընդունում է ԱՎԾ զեկույցը, գիտենք, որ ոչ ոք չի հավատում Ս. Սարգսյանի որևէ խոստմանը, քանի որ հարյուրավոր խոստումներ թղթի վրա են մնացել:

/LimiteText/

Այս ամենը զավեշտի ժանրից է, ու ես չգիտեմ՝ արդյոք մինչև 2040 թվականը 2 միլիոն մարդ կմնա, թե ոչ, քանի որ եթե վերցնենք ու համեմատենք, մինչև անցյալ տարվա հոկտեմբերը նախորդի համեմատությամբ եթե 3200 մարդով էր պակասել ՀՀ բնակչության թիվն, ըստ ԱՎԾ-ի, ապա նախորդ հոկտեմբերին այս տարվա հոկտեմբերի համեմատ 6600-ով, այսինքն՝ կրկնակի ավել, քան անցյալ մեկ տարում, և այս ֆոնին Ս. Սարգսյանը նման խոստումներ է տալիս:

-Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է լքում Հայաստանը, երիտասարդնե՞րը, ովքեր իրենց ապագան չեն տեսնում այստեղ:

-Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ ոչ միայն Հայաստանի երիտասարդությունն է լքում երկրի սահմանները, այլև ծերերը գնում են այլ տեղեր թոշակ ստանալու: Այն ողորմելի կոպեկները, որ տալիս են ծերերին, դա էլ են շատ համարում, գիտե՞ք հիմա ինչ են անում, եթե կա աշխատանքային գրքույկ, հաշվում են ստաժը մինչև 1992 թվականը, մարդը եթե աշխատել է 92 թվականից հետո, ասենք, մինչև 2005 թիվը, ասում են հիմքերը բեր, թոշակառուն որտեղի՞ց բերի այդ հիմքերը, նույնիսկ շատ դեպքերում ասում են՝ գրի, որ հրաժարվում ես քո 1992-ից հետո թոշակից, ես էլ եմ լսել բազմաթիվ թոշակառուներից: Այս գնաճի պայմաններում կարելի՞ է նման բան, երբ որ կարևոր մթերքների գները բարձրացել են, ասում են, որ դա ներքին հրահանգ է, քանի որ բյուջեն այնպես են դատարկել մեր ագահ չինովնիկները, որ նույնիսկ մեր կենսաթոշակառուներին վճարելու կենսաթոշակի խնդիր է առաջանալու: Նաև կենսաթոշակառուների թիվը կրճատելը, որևէ իրեն հարգող երկիր հիվանդության կենսաթոշակները չի կրճատում: Հիմա, փաստորեն, կամ այդ տարեցները հիվանդ չեն եղել, կամ միանգամից առողջացել են, քանի որ, եթե չեմ սխալվում, 12-14 հազարի մասին է խոսքը գնում: Առանց այն էլ ծիծաղելի, ողորմելի, աղքատիկ կոպեկներ են տալիս, հիմա դրանից էլ են զրկում մարդկանց:

-Սա նշանակում է՝ երկրում վիճակն այնքան վատ է, որ չեն կարողանում անգամ կենսաթոշակառուներին հասանելիք գումարնե՞րը վճարել, այդ իսկ պատճառով ստիպված նման քայլերի՞ են գնում:

-Երկիրը կատաստրոֆիկ տնտեսական վիճակի մեջ է, տնտեսական զարգացում, որպես այդպիսին, գոյություն չունի, բայց մեր պաշտոնյաները, որ անգործությամբ երևի առաջին տեղը կգրավեին, փոխանակ կրճատեն իրենք իրենց ու իրենց անհեթեթ օգնականների ու խորհրդականների բանակը, իրենց վարորդների ու ավտոմեքենաների ծախսերը մի փոքր իջեցնեին կամ ընտանիքներին սպասարկող մեքենաները պակասեցնեին, էլի թիրախավորել են ամենախոցելի խմբերին, այսինքն՝ նպաստառուներին, հիվանդության ու տարիքային կենսաթոշակառուներին, ինձ թվում է, թե մի աներևույթ ձեռք անընդհատ հրահրում է, որպեսզի սոցիալական մի մեծ բունտ լինի:

-Կարծում եք՝ սոցիալական ճգնաժա՞մն ի վերջո ոտքի կհանի ժողովրդին:

-Չեմ կարծում, որ համակերպվելու են, ցավում եմ, որ որոշ մարդիկ իրենց իրավունքների համար պայքարելու փոխարեն ավելի շուտ լքում են ՀՀ սահմանները, այդ թվում՝ տարիքով մարդիկ: Եթե մարդը հագուստի ու տաքանալու խնդիր չի լուծում, գոնե կարտոֆիլի ու հացի խնդիր պետք է լուծի, բայց դա էլ է հարցականի տակ, դրա համար մարդիկ մտածում են թողնեն գնան, քանի որ մարդն իր հայրենիքում իրեն օտար է զգում, ու դա ամենավախեցնողն է, քանի որ այս պահին ես տեսնում եմ, որ նաև կենսաթոշակառուների մեծ հոսք կա այլ երկրներ:

-Խոսեցիք նաև գնաճից, սակայն վարչապետն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն անհանգստացնող չէ, բացի այդ, գնային բարձրացումները պայմանավորված են միջազգային շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների հետ:

-Ես զարմանում եմ, ընդհանրապես համեմատելի բաներն են իրար հետ համեմատում, միջազգային շուկայի գինը որևէ կապ չունի մեզ հետ, միջազգային շուկայում շաքարավազի գինը անցած տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա սեպտեմբեր 33 տոկոսով նվազել է, մեզ մոտ նույն այդ ժամանակահատվածում 3,5 տոկոսով աճել է: Ու կամ որ անընդհատ կառավարության անդամներն ու կառավարության ղեկավարն ասում է՝ ճգնաժամ է աշխարհում. ճգնաժամից առաջ էլ ենք մենք ճգնաժամի մեջ, ճգնաժամի ընթացքում էլ ենք ճգնաժամի մեջ, ճգնաժամերն ավարտվում են, բայց մենք նորից ավելի ենք խրվում ճգնաժամի մեջ: Որևէ բան երկրում չի փոխվի, քանի այս ապազգային իշխանությունները չեն հեռացվել, իսկ նրանք կամավոր չեն հեռանալու, դա պարզ է, քանի որ բազմաթիվ հանցավոր կապերով իրենք իրար հետ կապված են, դրա համար ժողովուրդը ոչ թե պետք է հիասթափվի, ձեռքը թափ տա և հեռանա, այլ համախմբվի այն մարդկանց շուրջ, ովքեր որ պատրաստ են առաջնորդել իրենց ու փոխել այս վիճակը:

 

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Ավելին
Back to top button